Վրաստնում շարունակվում են արդիական մնալ այնպիսի խնդիրներ, որոնք բնակչությանը զրկում են լիարժեք կյանքով ապրելու հնարավաորությունից: Այս խնդիրները, թերևս, ավելի ակնառու են շրջաններում, համայնքներում և հատկապես սահմանամերձ տարածքներում:
Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող հայաբնակ Աղքյորփի գյուղի թոշակառու բնակիչ Վանիկ Օգանիսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է՝ ցանկալի կլիներ, որ գյուղն ունենար բնական գազ.
«Գազը բալոններով տանում ենք լիցքավորում, բերում օգտագործում ենք, բայցդե բնական գազն ավելի կհեշտացներ գյուղի կյանքը»։
Մեկ այլ թոշակառու՝ Ավետիք Աթաբեկյանն էլ նշում է, որ առաջնայինը ճանապարհների անբարեկարգ վիճակն է խոչընդոտում գյուղի զարգացմանը:
Գյուղի մեկ այլ բնակիչ էլ, համաձայնելով Աթաբեկյանի կարծիքին, ասում է, որ ճանապարհի պատճառով անգամ առևտուրն է կանգ առել:
«Նորմալ ճանապարհներ չունենալու պատճառով անգամ առևտրականներ չեն գալիս գյուղ: Նախկինում գոնե փոքր-ինչ բարեկարգված էր, ապրանք էին բերում, փոխանակում էին անում», — նշում է գյուղի բնակիչը:
Երիտասարդ բնակիչներից Նարեկ Վարդումյանն էլ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ճանապարհների խնդրին հավելում է նաև գյուղի աղբահանության հարցը:
Տարեց բնակչուհիներից Լիանա Վարդումյանը նկատում է, որ գյուղին անհրաժեշտ է նաև հիվանդանոց:
Նրա հետ համակարծիք է նաև թոշակառու բնակչուհիներից մեկն, ով նշում է, որ իր հիվանդության պայմաններում՝ մինչև հիվանդանոց է հասնում մեկ ներարկման համար, գրեթե թոշակի կեսը ծախսվում է:
«Առաջնային ճանապարհներն են կարևոր, քանի որ 100 լարի աշխատում ենք, մինչև գնում ենք շրջկենտրոն հետ գալիս՝ դրանից շատ մեքենայի սարքելու համար է պետք գալիս»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Մանվել Կիրակոսյանը։
Կիրակոսյանի հետ համակարծիք է Ռոբերտ Մամուլյանը։
Բնակչուհիներից մեկն էլ ասում է, որ գյուղի բնակիչների համար աշխատատեղեր են պետք, քանի որ առանց աշխատատեղերի գյուղն ուղղակի կդատարկվի:
Կարդացեք նաև՝
Ինչի՞ կարիք ունի գյուղը. հարցում հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնիում
Վրաց-հայկական խստացված սահմանը հայաբնակ գյուղերում մի շարք խնդիրներ է ստեղծել