Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 15-ի ողջ օրվա ընթացքում իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է: Ավտոճանապարհին, սակայն, որոշ սահմանափակումներ են գործում: Այսպես՝ ձյան և սառույցի պատճառով միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Կոբի ճանապարհահատվածում արգելված է բեռնատար և կիսաբեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը: Այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար ճանապարհը բաց է: Ճանապարհին երթևեկությունը իրականանում է ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ:
Բաթումի-Ախալցիխե ավտոճանապարհի 87-106 կմ ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն շղթաների օգտագործման դեպքում: Երկու և ավելի քարշակ ունեցող ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է:
Ելնելով ստեղծված իրավիճակից, ավտոճանապարհային վարչությունը բնակչությանը կոչ է անում՝ օգտագործել ձմռան համար նախատեսված անվադողեր և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին: