Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչին: Այդ մասին տեղեկացնում է վարչապետի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման հիմնական թեմաներն են եղել Վրաստանի կողմից ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ լրացված հարցաթերթիկը, եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի արձանագրած առաջընթացը և իրականացվող բարեփոխումները։
«Գլոբալ անվտանգության ֆորումի շրջանակներում Բրատիսլավայում կայացած հանդիպման ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին և Մարոշ Շևչովիչը քննարկել են Վրաստանի հետագա քայլերը եվրաինտեգրման ուղղությամբ և նշել այն առաջընթացը, որ երկիրը հասել է այս գործընթացում, ներառյալ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը։ Վարչապետն ասել է, որ Վրաստանն արդեն իրականացրել է Ասոցացման համաձայնագրով, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտում նախատեսված բարեփոխումների 45 տոկոսը, և այդ գործընթացը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ին ինտեգրումը ոչ միայն Վրաստանի կառավարության, այլև վրաց ժողովրդի ընտրությունն է, և որ երկիրը կշարունակի իրականացնել համալիր բարեփոխումներ այդ ճանապարհին.
«Հանդիպման ընթացքում խոսվել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի, տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա դրա ազդեցության մասին։
Վարչապետը և Եվրահանձնաժողովի փոխնախագահը անդրադարձել են նաև Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող ծանր հումանիտար իրավիճակին։ Իրակլի Ղարիբաշվիլին վերահաստատել է Վրաստանի կառավարության հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը»: