Ախալքալաքում նշվեց երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, հունիսի 1-ից երեխաներին տրվող նպաստն էլ ավելի կբարձրանա և կկազմի 150 լարի (մոտ 50 դոլար):
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի խոսքով, մանկական աղքատությունը մնում է Վրաստանում հիմնական խնդիրներից մեկը, քանի որ մանկական աղքատության մակարդակը գնալով աճում է։
Վրաստանի կառավարության գործունեության մասին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գրավոր զեկույցում, որն արդեն ներկայացվել է խորհրդարան, նշված է, որ 2023 թվականին նախատեսվում է կազմել ինչպես XI դասարանի դասագրքեր, այնպես էլ տարրական՝ I-IV դասարանների թարմացված դասագրքեր:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ չնայած երկրին որպես «օլիգարխիկ ռեժիմի հասած մեծ դժբախտությանը», Վրաստանը պետք է շարունակի շարժվել դեպի Եվրամիություն։ Նրա խոսքով՝ Վրաստանն անպայման կդառնա Եվրամիության անդամ։
Ընդդիմադիր «Լելո» կուսակցությունն էլ կառավարությունից պահանջում է վերադառնալ «Շառլ Միշելի համաձայնագրին»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 18-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելը նոր փաստաթուղթ ներկայացրեց Վրաստանի իշխանությանն ու ընդդիմությանը, որի նպատակը քաղաքական ճգնաժամից դուրս գալն է:
Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին Բրյուսելում լրագրողներին ասել է. «Վրաստանն իսկապես արժանի է շոշափելի արդյունքի և դրական ուղերձի, որը հիմնված կլինի իրականացվող բարեփոխումների վրա»: Նրա խոսքով, ինչպիսի քաղաքական որոշում էլ լինի, Վրաստանը կշարունակի ԵՄ ինտեգրման գործընթաց։
Վրաստանը 2022 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ից ստացել է նոր հակատանկային համակարգ՝ Javelin:
Աշխատանքային այցով Լիտվայի մայրաքաղաքում գտնվող Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ դեսպանատան կողմից կազմակերպված «Վրաստանի Եվրոպական ուղին» (Georgia’s European Way) քննարկմանը:
Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլիին մահացած են գտել իր բնակարանում։ Թբիլիսիի Վակե-Սաբուրթալո թաղամասի գլխավոր բաժնի ղեկավար Ավթանդիլ Գալդավայի խոսքով՝ Թբիլիսիի փոխքաղաքապետը ինքնասպանություն է գործել:
Վրաստանի հացթուխների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեն ասել է, որ մասսայական արտադրության հացի գնի անհապաղ թանկացում չի սպասվում։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և խմիչքի արտահանումը նվազել է, ներմուծումը`աճել։
Վրաստանի Թելավի քաղաքի Էրեկլե Երկրորդի անունը կրող «Միմինո» օդանավակայանը 30 տարի անց ամառվա վերջին առաջին անգամ կվերսկսի ներքին թռիչքները։
Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 1 ԱՄՆ դոլարի արժեքը այսօրվա առուվաճառքի արդյունքում դարձել է 3,0307 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,2477 լարի։