Վրաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող Tbilisi Pride կազմակերպությունը հայտարարել է, որ հրաժարվում է այս տարի Թբիլիսիում «Արժանապատվության» երթ անցկացնելու գաղափարից, քանի որ այն անվտանգ չէ մասնակիցների համար:
«ԼԳԲՏ-ն միակ խումբն է, որին փաստացի արգելված է հավաքվել և ցույց անել երկրում։ Վրաստանում համայնքի ներկայացուցիչները խնդիրներ ունեն կրթության, աշխատանքի և առողջապահական խնամքի հասանելիության հետ կապված», — ասվում է հայտարարության մեջ:
«Հպարտության» շաբաթն այս տարի նախատեսված է անցկացնել հունիսի 28-ից հուլիսի 2-ը, կազմակերպիչները կսահմանափակվեն մի քանի փակ միջոցառումներով։
Միջոցառումների շարքում կլինեն հոմոֆոբիայի դեմ պայքարի մասին ֆիլմի ցուցադրությունը, երաժշտական փառատոնը, տարածաշրջանային գագաթնաժողովը, որին կմասնակցեն ակտիվիստներ Ուկրաինայից, Մոլդովայից, Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից և Բելոռուսից:
Tbilisi Pride-ը պնդում է, որ պետությունը դեռ չի երաշխավորում համայնքի անդամների անվտանգությունը, և զգալի թվով քաղաքացիներ հակադրվում են իրենց։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Թբիլիսիում տեղի ունեցավ «Հպարտության» շաբաթը՝ բազմաթիվ միջադեպերով։ Հուլիսի 5-ին «Արժանապատվության» երթի հակառակորդ արմատական խմբավորումների գործողությունների արդյունքում վիրավորվեցին լրատվամիջոցների ավելի քան 50 ներկայացուցիչներ, տուժեցին նաև ԼԳԲՏ մի քանի կազմակերպությունների գրասենյակներ։
Երկու շաբաթ առաջ՝ Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, ՄԱԿ-ը, ԵՄ պատվիրակությունը և 28 այլ դեսպանատներ Վրաստանի իշխանություններին կոչ արեցին քայլեր ձեռնարկել ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու համար։
Կարդացեք նաև՝