Հայալեզու և ադրբեջաներեն մեդիաների մոնիտորինգ. «Ալիք մեդիան» առաջատարներից է

Հայալեզու շրջանային լրատվամիջոցների շրջանում «Ալիք մեդիան» տեղեկատվական աղբյուր է հանդիսանում։ Այս մասին ասվում է «Ինտերնյուս Վրաստան» կազմակերպության աջակցությամբ «Մեդիայի զարգացման հիմնադրամի» (MDF)-ի կողմից անցկացված նոր հետազոտության մեջ:

«Հակամարտությունների լուսաբանման մոնիտորինգ ադրբեջանական և հայկական տարածաշրջանային և այլ լրատվամիջոցներում» թեմայով հետազոտության մեջ ներառված են Վրաստանում գործող հայալեզու, ադրբեջաներեն, ինչպես նաև շրջանային ռուսալեզու և վրացալեզու մեդիաները: Զեկույցը պատրաստվել է «Աջակցություն որակյալ լրագրությանը և իրազեկ հարևանություն» ծրագրի շրջանակներում։

Նշվում է, որ այս զեկույցն արտացոլում է ԶԼՄ-ների բովանդակության մոնիտորինգի արդյունքները՝ վերլուծելու ադրբեջաներեն և հայալեզու տարածաշրջանային հարթակների կողմից հակամարտությունների լուսաբանումը: Բացի այդ, զեկույցը ներառում է կոնֆլիկտների հետ կապված որակական տվյալներ, որոնք ձեռք են բերվել կոնկրետ ռուսալեզու և վրացալեզու ֆեյսբուքյան էջերից:

Ուսումնասիրության նպատակն է բացահայտել հակամարտությունների լուսաբանման մասնագիտական ​​չափանիշներին ԶԼՄ-ների հավատարմության աստիճանը և ապատեղեկատվության և ատելության խոսքի հնարավոր տարածումը:

Հետազոտությունը կիրառել է խառը մեթոդաբանություն՝ Ինտերնյուսի կոնֆլիկտների լուսաբանման գնահատման մեթոդոլոգիան, որը հիմնված է քանակական և որակական մեթոդների վրա և հարմարեցվել է Վրաստանի համատեքստում օգտագործելու համար: Ուսումնասիրությունը նաև օգտագործել է Facebook-ի վերլուծական գործիքը՝ CrowdTangle-ը սոցիալական մեդիայի մոնիտորինգի համար:

Ներածական բաժինը ներառում է հետազոտության մեթոդաբանությունը և հիմնական արդյունքները. առաջին մասը տրամադրում է ընդհանուր քանակական տվյալներ, երկրորդ մասը տրամադրում է հաշվետվությունների որակի և պրոֆեսիոնալիզմի գնահատում, երրորդ մասը գնահատում է կոնֆլիկտների նկատմամբ զգայուն հաշվետվությունը, չորրորդ մասը վերաբերում է հակամարտությունների լուսաբանման «կարմիր գծերը» հատելուն, հինգերորդ մասը ներառում է կրոնական զգացմունքներով մանիպուլյացիայի օրինակներ, իսկ վեցերորդ մասը ներկայացնում է մանիպուլյացիայի կոնկրետ դեպքերի նկարագրում, յոթերորդ մասը ուրվագծում է հակամարտությունների հետ կապված պատմությունները, որոնք տարածվում են ռուսալեզու և վրացալեզու Facebook էջերի կողմից:

Հարկ է նշել, որ տեղեկատվական աղբյուր հանդիսանալուց բացի, Ալիք մեդիան բարձր ցուցանիշներ է գրանցել նաև այլ չափանիշներում: Ստորև ներկայացնում ենք հատվածներ հաշվետվությունից:

Լրատվական ընկերությունները գնահատվել են 0-1 բալային համակարգով, որտեղ 0-ն ամենացածրն է, 1-ն ամենաբարձրը։

Տարածաշրջանային լրատվամիջոցների որակի և պրոֆեսիոնալիզմի ցուցանիշները գնահատելիս հրապարակումները բաժանվել են երկու մասի՝ հաշվի առնելով լուսաբանման ինտենսիվությունը։ Առաջին կատեգորիան ներառում է լրատվամիջոցներ, որոնք մոնիթորինգի ժամանակաշրջանում հրապարակել են ավելի քան 50 հոդված հակամարտությունների վերաբերյալ, իսկ երկրորդ կատեգորիայոմ՝ որոնք հրապարակել են 50-ից պակաս հոդված:

50-ից ավելի. հայկական ԶԼՄ-ներում կոնֆլիկտային թեմաներն առավել հաճախ լուսաբանվել են Փարվանա հեռուստաընկերությամբ (483), որին հաջորդում են Radio Nor-ը (258) և «Javakhk-Akhaltskha» (244)-ն, իսկ Ալիք Մեդիայի (99) և JNEWS-ի (91) հրապարակած նյութերի քանակը գրեթե հավասար է եղել։

50-ից պակաս. Atv 12-ը (46), TV9News-ը (29), Javakhk Media-ն (17) և sknews.ge-ն (9) մեդիաները քիչ թվով նյութեր հրապարակածների շարքում են:

Հայալեզու շրջանային լրատվամիջոցներում հակամարտությունների բարձր ինտենսիվ լուսաբանում. հայկական ԶԼՄ-ներում, որոնք առավել հաճախ են անդրադարձել հակամարտության թեմային, ցուցանիշների առումով նման պատկեր է.

Հոդվածների ճշգրտությամբ Ալիք մեդիան ամենաբարձր ցուցանիշն է գրանցել (0․71), որին հաջորդում են Radio Nor-ը (0.62) և JNEWS-ը (0.61)՝ գրեթե հավասար միավորներով:

Օբյեկտիվության առումով՝ միջինից բարձր ցուցանիշ են գրանցել բոլոր թվարկված մեդիաները, ամենաբարձր միավորն այստեղ ունի Radio Nor-ը (0.75), Ալիք մեդիան (0.72), JNEWS-ը (0.71), Akhaltskha.net-ը (0.66) և Parvana TV (0.64)։

Համապատասխանության ցուցանիշով առաջին տեղում Ալիք մեդիան է (0․91), թեև այլ մեդիաները ևս միջինից բարձր միավոր ունեն:

Բովանդակության և բալանսի առումով բոլոր լրատվամիջոցները գտնվում են միջին վարկանիշից ցածր։

Նախապատմության և համատեքստի առումով ամենաբարձր ցուցանիշն է Ալիք մեդիան (0.76), հաջորդում է Radio NOR-ը (0.62)։

Հստակության առումով բավականին բարձր են թվարկված բոլոր մեդիաների ցուցանիշները, համեմատաբար բարձր է JNEWS-ի (0.98) ցուցանիշը, որին հաջորդում է Ալիք մեդիան և Radio Nor-ը (0.97):