Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն Իսրայել սկսվել է վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպմամբ։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին և Բենեթը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգի կարևոր հարցեր։ Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ղարիբաշվիլիին երկրորդ պաշտոնական այցի համար։
Ղարիբաշվիլին էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետին հյուրընկալության համար:
«Մեզ համար մեծ պատիվ է լինել այստեղ։ Մենք մտերիմ ընկերներ ենք, և այս բարեկամությունը գոյություն ունի արդեն 26 դար: Կրկին շնորհակալություն եմ հայտնում»,- ասել է Ղարիբաշվիլին։
Հանդիպամն ընթացում նշվել է, որ 2022 թվականը երկկողմ հարաբերություններում հոբելյանական է, քանի որ լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության դրական դինամիկան հնարավորություններ է ստեղծում զարգացնելու գործընկերությունը բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ կրթությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը։
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները։
«Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։
Իսրայելի վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, Իսրայելում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լաշա Ժվանիան և կառավարության ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- ասված է հաղորդագրության մեջ: