Թբիլիսիում, Գորգասալի հրապարակում (Մեյդան) նշվում է «Վարդատոնը»:
Մինչ բուն միջոցառման մեկնարկը, վիրահայերը, Սայաթ Նովայի աշուղական արվեստի երկրպագուները «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնից երթով շարժվել են դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի՝ մեկական վարդ խոնարհելով մեծն քնարերգուի շիրիմին:
Սուրբ Գևորգ եկեղեցու հարակից տարածքում, որտեղ ընթանում է Սայաթ-Նովային նվիրված միջոցառումը, հավաքվել են հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ, հյուրեր Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, հայ և վրացի գրողներ, հոգևորականներ, Վրաստանի պաշտոնյաներ։
«Այս տոնը հայ-վրացական բարեկամության խորհրդանիշներից է», — իր ելույթում նշեց Թբիլիսիի ավագանու փոխնախարար Զուրաբ Աբաշիձեն:
Ներկաներն ընդգծեցին, որ Սայաթ-Նովան ստեղծագործում էր մի քանի լեզուներով՝ երգելով արդարության, ժողովուրդների բարեկամության մասին։
Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, ով 45-րդ անգամ է մասնակցում տոնին:
Միջոցառմանը Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին նշեց, որ Սայաթ Նովայի ուղերձը մինչ օրս հայ և վրաց ժողովուրդների հետ է ամեն տարի․ «միասին տոնում ենք այս օրը»։ Իր ելույթից հետո Գոնաշվիլին Տիցիան Տաբիձեի մրցանակով շնորհավորեց հայ գործընկերոջը՝ Էդվարդ Միլիտոնյանին տարեդարձի կապակցությամբ, ընդգծելով գրչակից գործընկերոջ ավանդը հայ-վրացական հարաբերություններում:
Տոնին մասնակցում են երաժշտական խմբեր Վրաստանից և Հայաստանից, վրացական «Քսովրելեբի» անսամբլը, Հայաստանի Հանրային ռադիոյի աշուղական երգի Սայաթ-Նովա պետական վաստակավոր համույթը՝ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, մշակութային համարներով հանդես եկան Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասանները։
Արդեն 108-րդ տարին է ավանդական դարձած Վարդատոնը նշվում Թբիլիսիում:
Կարդացեք նաև՝