Թբիլիսիում կայացավ «Սայաթ-Նովա» երգարանի շնորհանդեսը

Այսօր՝ մայիսի 28-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցավ «Սայաթ-Նովա» երգարանի շնորհանդեսը:

Երգարանը նվիրված է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին: Այն կազմել է Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, երգիչ Մուշեղ Հարությունյանը՝ Հենրիխ Բախչինյանի խմբագրությամբ:

Շնորհանդեսին մասնակցել են նաև «Հայի կանչ» համույթը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի սաների կազմով:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում գրքի հեղինակ, երգիչ Մուշեղ Հարությունյանը պատմում է, որ գրքի գաղափարը ծագել է, երբ իմացել է, որ այս տարի լրանում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը.

«Դեռ սկզբում ցանկանում էի, որ երգարանը լիներ եռալեզու՝ հայերեն, վրացերեն պարսկերեն, քանի որ աշուղը շատ լեզուներով է ստեղծագործել, հետո առաջ եկան որոշ բարդություններ` տարբեր լեզուներով թարգմանելու հետ կապված:

Նաև իմացա, որ Վրաստանում դա հնարավոր չի լինի, իսկ Հայաստանում վրաց լեզվով թարգմանությունը նպատակին չէր ծառայի: Սակայն, այնուամենայնիվ, դեռևս հույս ունեմ, որ հետագայում այդ գաղափարը ևս իրականություն կդառնա», — ասում է Մուշեղ Հարությունյանը:

Թե ինչով է այս երգարանը տարբերվում մինչև այս գոյություն ունեցող Սայաթնովյան երգարաններից, հեղինակը պարզաբանում է.

«Այս երգարանի կառուցվածքը նման չէ նախորդ երգարաններին, գրքի առաջին կեսում երգերի բնագրերն են, նոտաների հետ հանդերձ, իսկ երկրորդ կեսում կա բոլոր երգերի տողացի փոխադրումները արևելահայերեն, որպեսզի և’ կատարողին, և’ ունկնդրին հասկանալի լինի երգը:

Հարությունյանն ընդծում է, որ շատ է կարևորում ազգային երգ-երաժշտության պահպանումը, և մշտապես կանգնած է ազգայինի պահպանման ակունքներում:

«Քանի որ Սայաթ-Նովան ծնվել է Թբիլիսիում, այդ իսկ պատճառով որոշեցինք հենց Թբիլիսիում անցկացնել գրքի շնորհանդեսը», — նշում է երգիչը:

Մուշեղ Հարությունյանը նաև հավելում է, որ սա իր առաջին շնորհանդեսն էր Վրաստանում:

«Եվգենյա Մարկոսյանի հետ 2 ամսից ավելի է, ինչ աշխատում ենք շնորհանդեսի կազմակերպման ուղղությամբ, ուստի մեծ ներդրում ունի այս գործում նաև Հայարտունը, այսօրվա միջոցառումը անցկացնելու հնարավորություն տալու համար, նաև շնորհակալ եմ իմ ընկերոջը՝ Կոնստանտին Ալիխանովին, ով ինձ կապեց այս մարդկանց հետ» — ասում է Հարությունյանը:

Նշենք, որ գրքում ներկայացված են Սայաթ-Նովայի ձայնագրած քսանութ հայերեն երգերի նոտաները՝ ամբողջական բնագրերով հանդերձ:

Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 29-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում՝ Գորգասալի հրապարակում (Մեյդան) կանցկացվի Սայաթնովյան 108-րդ ավանդական «Վարդատոնը»:

Միջոցառման ինֆորմացիոն գլխավոր գործընկերներն է «Ալիք մեդիան»։