«Մենք կարևոր որոշում ենք կայացրել, ըստ որի՝ սկսել ենք աշխատել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման ուղղությամբ,- այս մասին խորհրդարանում իր ելույթում ասել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Նիկոլոզ Սամխարաձեն։
Սամխարաձեն նշել է, որ Վրաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանային կապերի ամրապնդմանը:
«Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ստեղծել են օրինակելի ռազմավարական դաշինք, որը ներառում է իշխանության բոլոր ճյուղերը։ Իսկ Հայաստանի հետ մեր բարեկամությունը ամենաբարձր մակարդակի վրա է: Համարձակորեն կարելի է ասել, որ անկախությունից ի վեր Վրաստանը երբևէ նման սերտ կապեր չի ունեցել իր հարևանների հետ, բացառությամբ, իհարկե, Ռուսաստանի։
Երեկ ես վերադարձա Ադրբեջանից, որտեղ մենք հերթական եռակողմ հանդիպումն անցկացրինք խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովների մակարդակով և կայացրինք կարևոր որոշում, համաձայն որի՝ սկսեցինք աշխատել Վրաստանի, Թուրքիայի խորհրդարանական վեհաժողովի ձևավորման վրա՝ նախագահների նախագահությամբ», — ասել է Սամխարաձեն:
Ըստ Սամխարաձեի՝ դա էլ ավելի կամրապնդի երեք երկրների ռազմավարական հարաբերությունները, որոնք կենսական նշանակություն ունեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման համար.
«Այն իրավիճակում, երբ ԵՄ-ի ռազմավարական նպատակը ռուսական էներգառեսուրսներից կախվածության նվազեցումն է, այս երեք երկրների օգնությամբ հնարավոր է զարգացնել նոր էներգակիրներ և տարանցիկ միջանցքներ՝ այդպիսով էլ ավելի արդիական դարձնելով մեր տարածաշրջանի կարևորությունն Արևմուտքի համար»: