Մայիսի 26-ին Վրաստանի նախագահի Օրբելիանի պալատում երիտասարդական կազմակերպությունները ստորագրել են «Երիտասարդները՝ ի պաշտպանություն եվրոպական ինտեգրման» հռչակագիրը:
Հռչակագիրը վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) անունից ստորագրել է EGI-ի տնօրեն Շալվա Չխեիձեն։
Ինստիտուտի նախագահ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ հանդիպման հիմնական նպատակը հասարակության համախմբումն է այն քայլերի շուրջ, որոնք երկիրը պետք է ձեռնարկի ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին՝ արևմտյան գործընկերներին ցույց տալու եվրաինտեգրման շուրջ վրաց հասարակության միասնությունը։
«Այսօր, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը որոշել և պայմանավորել է Վրաստանի համար պատմական փուլի մեկնարկը, անհրաժեշտ է ի ցույց դնել բոլոր խմբերի միասնությունը», — ասում է Մելաշվիլին:
Նրա խոսքով՝ հռչակագիրը վերահաստատում է վրաց ժողովրդի ընտրությունը՝ հաջորդ սերունդն ընտրում է ոչ թե Ռուսաստանը, ոչ թե անցյալը, այլ ապագան՝ Եվրոպան.
«Վրաց-եվրոպական ինստիտուտն ակտիվորեն կներգրավվի «Քայլ արա դեպի Եվրոպա» քաղաքացիական հասարակության նախաձեռնությանը, որի շրջանակներում նախատեսված են հետաքրքիր միջոցառումներ, այդ թվում նաև մարզերում: Վստահ եմ, որ մյուս ստորագրող երկրները նույնպես ակտիվորեն կձգտեն վերակենդանացնել եվրոպական օրակարգը և դիմակայել Ռուսաստանից եկող սպառնալիքներին»:
Մելաշվիլին ընդգծում է, որ երիտասարդների դերը վճռորոշ է ԵՄ անդամակցության ճանապարհին:
«Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրի արևմտյան ընտրության ամենաակտիվ պաշտպանները անկախ Վրաստանում նոր սերունդն է, որը չի ցանկանում վերադառնալ ստրկության: Վրաստանում ԵՄ-ի ներգրավվածության ամենակարևոր ոլորտներից մեկը կրթությունն է և հաջորդ սերունդը. շատ վրացի ուսանողներ հնարավորություն ունեն սովորելու եվրոպական լավագույն համալսարաններում: Սա պետք է շարունակվի ապագայում, քանի որ միայն նոր սերունդը կունենա Վրաստանում քաղաքական գործընթացները թարմացնելու կարողություն, գիտելիք և ուժ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Մելաշվիլին:
Հռչակագրում մասնավորապես ասվում է.
«Պետական անկախության վերականգնման օրվանից եվրաինտեգրումը Վրաստանի քաղաքացիների մտածված ու հռչակված ընտրությունն է։ Երկրի եվրաինտեգրումը ոչ միայն արդիականության արդյունք է, այլ նաև այն քաղաքակրթական ուղին, որն անցել է վրացական պետությունն ու հասարակությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Դա է վկայում Վրաստանի առաջին դեմոկրատական հանրապետության ստեղծումը, որը փորձում էր եվրոպական գաղափարը ներկայացնել պատմական փոքրիկ հատվածում։ Մեկ դար առաջ Նոե Ժորդանիայի արտասանած խոսքերը՝ «Մեր ներկան և ապագան սերտորեն փոխկապակցված են Արևմուտքի հետ, և ոչինչ չի խաթարի այս միությունը», Վրաստանի ճակատագիրն են։
Վրաց ազգի ազատ ընտրությունը և դեպի Արևմուտք ձգտումը միշտ ուղեկցվել են դժվարություններով, և մեր սերունդը, որը վերջին երեք տասնամյակներում գործում է ի պաշտպանություն վրացական երիտասարդ պետության, լավագույնս է զգում այդ ընտրության գինը…»: