Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ Տեխաս նահանգի տարրական դպրոցում տեղի ունեցած զանգվածային հրաձգությանը և իր ցավակցությունն է հայտնել ամերիկացի ժողովրդին։
«Մենք ցնցված ենք Տեխասի տարրական դպրոցում տեղի ունեցած սարսափելի զանգվածային հրաձգության լուրից։ Ես՝ իմ և վրաց ժողովրդի անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքների անդամներին: Մենք վշտի այս ծանր պահին կանգնած ենք ամերիկացի ժողովրդի կողքին»,- գրել է վարչապետը:
Նշենք, որ Տեխասի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զոհվել է 19 երեխա և երկու մեծահասակ։
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն ասել է, որ հարձակվողը՝ 18-ամյա Սալվադոր Ռամոսը, սպանվել է, երբ նրա ուղղությամբ կրակել են ոստիկանները։ Հարձակման դրդապատճառը դեռևս հայտնի չէ։