Մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 586 նոր դեպք, մահացել է 5 հիվանդ, 605 մարդ առողջացել է։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները պայմանավորվել են, որ և՛ միջանկյալ ընտրություններում ընտրված անդամը, և՛ համամասնական ցուցակից դուրս մնացած պատգամավորը կարող է իր պատգամավորական գործունեությունը սկսել առանց Սակրեբուլոյի ճանաչման։
Ըստ ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլիի՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Բրյուսելում տրվել է բազմաբնույթ խնդիրների ցուցակ, որոնք Վրաստանին անհրաժեշտ է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի քաղաքական չափանիշներին համապատասխանելու համար:
Վրաստանի կրթության, գիտության և մշակույթի աշխատողների արհմիության տվյալներով՝ մայիսի 24-ին Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից 2022 թվականին նշանակված նոր ղեկավարությունը հայտարարել է Ազգային թանգարանի աշխատակիցներին զանգվածային աշխատանքից ազատելու մասին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ ակտիվ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ ցամաքային սահմանի բացման հարցով։
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիում մայիսի 24-ին տեղի է ունեցել դե ֆակտո Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր «նախագահ» Ալան Գագլոևի «երդմնակալության» արարողությունը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս մեկ անգամ հաստատել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել Հարավային Օսիան Ռուսաստանին միավորելու համար:
Թբիլիսիի քաղաքային դատարանում Միխեիլ Սաակաշվիլիի՝ նախատեսված դատավարությունը հետաձգվել է։
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունն արձագանքել է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի ձերբակալությանն ու դատարանին կոչ է արել վերանայել գործը։
Մարդկային ռեսուրսների կառավարման PMC վրաստանյան հետազոտական կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում ապրիլին ամսական աշխատավարձ ստացողների թիվը տարեկան կտրվածքով աճել է 3 տոկոսով։
Սոցիալական արդարության կենտրոնը (նախկին EMC) հայտարարություն է տարածել «Ալտ-Ինֆո»-ի և Պահպանողական շարժման ներկայացուցիչների կողմից իրականացված գործողությունների մասին՝ նշելով, թե Վրաստանի իշխանության անպատժելիության ու լոյալության ակնհայտ նշաններ կան նրանց առաջնորդների նկատմամբ։
Հունիսին Դուբայից Բաթումի ուղիղ չվերթներ կգործեն։
Վրացական երկաթուղին 2021 թվականն ավարտել է վնասի փոխարեն շահույթով:
Ազգային բանկի կողմից սահմանված փոխարժեքով ԱՄՆ մեկ դոլարի պաշտոնական արժեքը 2.8767 լարի է։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3.0677 լարի։
Ռուսական ռուբլու կուրսը ռեկորդային արժևորվել է։ 1000 ռուբլին երեկվա դրությամբ արժեր 51 լարի։