Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անդրադառնալով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նամակին ասել է. «Բլինկենի նամակում ընդգծվում էր, որ ԱՄՆ-ը մնում է Վրաստանի ռազմավարական գործընկերը»:
Խորհրդարանի նախագահի խոսքով, նամակի հիմնական բովանդակությունն այն էր, որ Բլինկենը շնորհավորում է Վրաստանի նորանշանակ արտաքին գործերի նախարարին նշանակման կապակցությամբ և անհամբեր սպասում նրա հետ աշխատանքին։
«Հետաքրքիր է, թե ինչպես կարելի է այս նամակը տարբեր կերպ ընկալել»,- Պապուաշվիլին:
Ինչպես Պապուաշվիլին է նշել, Վրաստանը դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ և համերաշխ է ուկրաինացի ժողովրդի հետ.
«Մենք եղել ենք ՄԱԿ-ի բանաձևի և որոշման համահեղինակները, Հաագայի քրեական դատարանում, որտեղ պետք է բացահայտվեն հանցագործությունները, մենք եղել ենք այդ հանցագործությունները բացահայտելու կոչի նախաձեռնողները։ Այնպես որ, Վրաստանը ոչ միայն մասնակցում է, այլև նախաձեռնում է Ռուսաստանի ագրեսիան դատապարտելու գործընթացը։ Մենք մեր օտարերկրյա գործընկերներից լսել ենք այս գործընթացում Վրաստանի ներդրման ճանաչումը»:
Ըստ Պապուաշվիլիի՝ նրանք, ովքեր դիտողություն ունեն, որ Վրաստանը բավարար քայլեր չի ձեռնարկում Ուկրաինային աջակցելու համար, պետք է գրավոր ներկայացնեն դրանք:
«Գրավոր ներկայացնել, թե որոնք են այն հարցերը, որոնք Վրաստանը պետք է աներ, բայց չի արել։ Վրաստանն ամեն ինչ անում է ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխ լինելու համար, Վրաստանն անում է առավելագույնը, ինչ կարող է»,- ասել է Պապուաշվիլին։
Նշենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին ուղղված ապրիլի 22-ի նամակը։
Նամակում՝ Բլինկենը Վրաստանի իշխանություններին կոչ է անում աջակցել Ուկրաինային:
Կարդացեք նաև՝
Բլինկենը Վրաստանի իշխանություններին կոչ է անում աջակցել Ուկրաինային