Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտությունը հետաքննող հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարևն ասել է, որ Վրաստանը ևս դարձել է «ռուսական լրատվամիջոցների նկատմամբ խտրական գործողությունների քանակով առաջատարներից»։
Ըստ Պիսկարևի՝ վերջին հինգ տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ ռուսական լրատվամիջոցների նկատմամբ ամենաագրեսիվն են նաև Լատվիան, Ֆրանսիան, Մոլդովան, Լեհաստանը, Լիտվան, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Էստոնիան, Ռումինիան։
«Ռուսական լրատվամիջոցների խտրականությանը մեր պատասխանը լինելու է համապատասխան օրինագիծը,- ասել է Պիսկարևը՝ հավելելով, թե մի քանի տարի է, ինչ «Արևմուտքը լայնածավալ արշավ է իրականացնում ռուսական լրատվամիջոցներին վարկաբեկելու և նրանց աշխատանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու համար»։