Ժողովրդավարական և պետական ինստիտուտների թերզարգացում, վրացական քաղաքական էլիտայի հետխորհրդային մտածողություն և եվրոպական քաղաքական էլիտայի սնոբիզմ։ Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում այսպես է բնութագրում այն խոչընդոտները, որոնք խանգարում են Վրաստանին դառնալ Եվրամիության անդամ։
Վասաձեի խոսքով՝ այս շաբաթասկզբին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի Բրյուսել կատարած այցի հիմքում նաև «համոզելն» էր եվրոպական բյուրոկրատիային, որ Վրաստանում ոչ մի բացասական բան տեղի չի ունենում, և ամեն ինչ կարգին է։
Հարցին, թե արդյոք որ փուլում է Վրաստանի ժողովրդավարացումը՝ փորձագետը պատասխանում է.
«2016 թվականից դադարեցվել է երկրի ժողովրդավարացումը»։
Վասաձեն, սակայն, Վրաստանին ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակ տալը չի կապում երկրում տիրող մամուլի անազատության և ոչ անկախ դատական համակարգի հետ։
«Թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում է»,- ասում է փորձագետը։
Վասաձեն նաև նկատում է՝ քանի դեռ Բրյուսելում և Վաշինգտոնում որոշում չի կայացվել «ապամոնտաժել» Վրաստանի ներկայիս քաղաքական համակարգը (օլիգարխիկ ինքնավարություն), իշխանությանը ոչինչ չի սպառնում։
Կոնֆլիկտաբան, Գրիգոլ Ռոբաքիձեի անվան համալսարանի պրոֆեսոր Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով, Վրաստանին ԵՄ անդամակցության ճանապարհից հետ է պահում ժողովրդավարությունից նահանջելը, և այդ ամենն ավելի արտահայտիչ էր «Գավրիլովի գիշերից» հետո։
«Վրաստանում ո՛չ դատական համակարգը, ո՛չ մեդիայի ազատությունը, և մանավանդ վերջին ընտրություններով «Վրացական երազանքը» ցույց տվեց, որ Վրաստանը դեմոկրատիայով բավականին հետ է», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է կոնֆլիկտաբանը։
Ըստ Զաքարեիշվիլիի՝ այս ամենին ավելացավ նաև քաղբանտարկյալների խնդիրը, «Շառլ Միշելի համաձայնագրից» հրաժարումը, Ռուսաստանի դեմ Արևմտյան գործընկերների սահմանած պատժամիջոցներին չմիանալը։ Նրա խոսքով, Վրաստանը լինելով արդեն իսկ ռուսական օկուպացիայի զոհ, պետք է ավելի հստակ դիրքորոշում հայտներ.
«ԵՄ-ում, բնականաբար, նկատում են, որ իշխող ուժը չի անում ոչինչ, որպեսզի հանդարտեցնի քաղաքական բևեռացումը, և դրա օրինակ է քաղբանտարկյալների առկայությունը»։
Կոնֆլիկտաբանի խոսքով, «Վրացական երազանքը» էսկալացիայի, լարվածության նախաձեռնող է, և իր քաղաքական դիրքորոշումներով առաջնորդվող։
«Վրացական երազանքի» հիմնական նպատակը տնտեսական, աղքատության ավելացման, տարածաշրջանային հարցերից՝ ինչպիսին Ուկրաինայի հարցն է, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերից ուշադրության շեղումն է, և դրա վառ ապացույցը Նիկա Գվարամիայի ձեռբակալումն էր»,- նկատում է Զաքարեիշվիլին։
RealPolitika կայքի հիմնադիր, քաղաքագետ Զազա Աբաշիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ԵՄ անդամակցության հարցում մեդիայի անազատությունը միանշանակ կխանգարի, սրա հետ մեկտեղ, Նիկա Գվարամիայի ձեռբակալումը ևս մեկ անգամ ընդգծեց Վրաստանում մամուլի ազատության մակարդակը։
Ըստ փորձագետի, կարելի է ասել, որ Վրաստանը այսպիսով 20 քայլ հետ է նահանջել մամուլի ազատության ինդեքսով.
«Արդարադատության համակարգն անկախ չէ, բավականին բացեր կան. այս մասին նկատում ենք նաև Վրաստանի մասին ԱՄՆ, ԵՄ հաշվետվություններում»։
Աբաշիձեն նշում է, որ վրաստանյան ներկայիս դատական համակարգը դժվար թե համապատասխանի ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակի պահանջներին․
«Հաշվի առնելով Շառլ Միշելի նկատողությունը, որ Վրաստանում մեդիա ոլորտը մտահոգիչ է, կարծում եմ, որ Ղարիբաշվիլիի և Դարչիաշվիլիի Բրյուսել այցի շրջանակներում շեշտադրվել է ինչպես մեդիա դաշտի, այնպես էլ քաղբանտարկյալների հարցը»։
Փորձագետը նաև հավելում է, որ ինքը «Վրացական երազանքի» իշխանության օրոք վերոնշյալ խնդիրների լուծումը չի տեսնում, ավելին՝ այդ խնդիրներն, ըստ նրա՝ ավելի կխորանան։
Նշենք, որ մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը ազատազրկման դատապարտեց ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային։
Գվարամիայի ազատազրկումը Վրաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ, եվրապատգամավորներ, փորձագիտական շրջանակներ, ընդդիմադիր ուժեր համարեցին քաղաքական հաշվեհարդար, լրատվամիջոցների ազատության ոտնահարում։ Թբիլիսիում նաև երթ անցկացվեց հանուն ԶԼՄ-ների ազատության։