Պաշտոնական այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Դերեկ Սքոլն արդեն առաջին հանդիպումն է անցկացրել Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների հետ։ Փոխանցում է Radio Tavisupleba-ն:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի ղեկավար Էկա Գիգաուրիի խոսքով՝ «խոսել են ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիայի գործի մասին, քանի այն ուղղակիորեն կապված է մեդիա միջավայրի, արդարադատության համակարգի հետ, թե ինչպես է իշխանությունն այսօր պայքարում այլախոհության դեմ»:
Արդար ընտրություններ ՀԿ-ի նախագահ Նինո Դոլիձեն նշել է.
«Մենք խոսեցինք բոլոր ոլորտների մասին՝ մեդիա միջավայր և քննադատական լրատվամիջոցների ղեկավարների ձերբակալություն, երկրում ընտրական իրավիճակ, արդարադատության ոլորտում առկա մարտահրավերներ և ուկրաինական պատերազմի վերաբերյալ իշխանությունների գործողություններ ու հայտարարություններ»:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Գուրամ Մաճարաշվիլին արձագանքել է հասարակական կազմակերպությունների հետ Դերեկ Սքոլի հանդիպումից հետո արված հայտարարություններին՝ ասելով, որ «բոլորը պետք է ընդունեն, որ Վրաստանն ինքնիշխան երկիր է»։
Դերեկ Սքոլը Վրաստան է ժամանել մայիսի 18-ին։