Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն այսօր հյուրընկալել է Վրաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Դերեկ Սքոլին: Փոխանցում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ հանդիպմանը Բուրճուլաձեն ընդգծել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև 30-ամյա հաջող համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանն ու ամերիկացի ժողովրդին՝ օրինակելի գործընկերության համար։
«Կողմերը քննարկել են աշխարհում և տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները։ Նշվել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կտրուկ վատթարացրել է անվտանգության իրավիճակը սևծովյան տարածաշրջանում, ինչը վտանգ է ներկայացնում նաև եվրատլանտյան անվտանգության համար։ Հանդիպմանը կողմերը ևս մեկ անցամ վերահաստատվել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկության համաձայն՝ քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան կառույցներին անդամակցելու Վրաստանի անսասան ձգտումները.
«Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման բարեփոխումներն ու ապագա ծրագրերը։ Նշվել է, որ ռազմավարական գործընկերության նոր փուլը և դինամիկ համագործակցության հաջորդ տասը տարիների հիմքը կլինի ԱՄՆ-Վրաստան պաշտպանության նոր նախաձեռնությունը, որն էլ ավելի կամրապնդի երկրի դիմադրողականությունը ամբողջական պաշտպանության շրջանակներում»: