Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ հանգստի գոտիներում ծառերի ու բույսերի ապօրինի հատման և վնասման դեպքում նախատեսվում է խստացնել օրենսդրությունը։
Ըստ Կալաձեի՝ ապօրինի ծառահատումների համար տուգանքը 500 լարիից (մոտ 166 դոլար) կբարձրանա 5 000 լարիի (մոտ 1 666 դոլար), իսկ կրկնվելու դեպքում՝ 1 000 լարիից (մոտ 333 դոլար) կհասնի 10 հազար լարիի (մոտ 3 333 դոլար)։
Քաղաքապետի խոսքով, արգելվելու է շինարարություն սկսել այն վայրում, որտեղ իրականացվել է կանաչ բույսերի ապօրինի հատում, ինչպես նաև թույլտվություն ունեցողը պատասխանատվություն է կրելու շինարարության ընթացքում ցանկացած մեխանիկական վնասի համար։
Կալաձեն նշել է, որ նշված կարգավորումները ժամանակին ապահովելու համար շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայությանը կհանձնարարվի օրենսդրական նախագիծ ներկայացնել քաղաքային խորհրդին և խորհրդարանին։
«Բոլորդ լավ գիտեք, թե որքան կարևոր է հանգստի գոտիների առկայությունը քաղաքում և որքան մեծ ուշադրություն է դարձնում քաղաքապետարանը նման կանաչ տարածքների գոյությանը, վերականգնմանը, վերանորոգմանը և փոխարինմանը։
Որոշակի խնդիրներ ունենք կանաչապատման հետ կապված, շատ հաճախ լինում են չարտոնված հատումներ, ծառերի նպատակային վնաս, ինչը շատ մեծ խնդիր է քաղաքի համար։ Մենք ցանկանում ենք խստացնել մոտեցումներն այս ուղղությամբ, օրենսդրական փոփոխություն ենք պատրաստել, որը կներկայացնենք Վրաստանի խորհրդարան, և ես վստահ եմ, որ նրանց աջակցությամբ մենք կկարողանանք խստացնել գործող օրենսդրությունը», — ասել է Կալաձեն: