Վրաստանում մայիսի 16-ի թերևս գլխավոր թեման ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր, գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային 3 տարի 6 ամիս ազատազրկումն էր:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» (TI) կարծում է, որ Գվարամիայի ձերբակալությունը նպատակ ունի խանգարել քննադատական հեռուստաընկերության գործունեությունը:
«Բաց հասարակություն Վրաստան» հիմնադրամի եվրաինտեգրման ծրագրի ղեկավար Վանո Չխիկվաձեն ասել է, որ Գվարամիայի ձերբակալությունից հետո Վրաստանը չպետք է ակնկալի, որ ԵՄ-ն «կարևոր որոշում կկայացնի» ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ:
Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուսատընկերության փոխտնօրեն Գիորգի Գաբունիան Գվարամիայի դատավճռի հրապարակումից հետո ասել է, որ իրենք շարունակելու են պայքարը։
RealPolitika կայքի հիմնադիր, քաղաքագետ Զազա Աբաշիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ սա քաղաքական հաշվեհարդար է, ավելին՝ այստեղ:
Քաղաքական այլ հայտարարությունները մեկ նյութով՝ այստեղ:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում, որտեղ հանդիպումներ է նախատեսված ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ։
Վրաստանը հրավեր կստանա հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար:
Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքարանի պաշտոնական կայքում Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահի «հաղթանակի» կապակցությամբ հրապարակված հայտարարությանը:
Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ կենսաթոշակային վարկը կախված կլինի վերաֆինանսավորման տոկոսադրույքից և կկազմի առավելագույնը 15 տոկոս։
Վրաստանում առաջիկա 7 տարիներին ևս կենսաթոշակները կտրամադրվեն «Լիբերթի բանկի» միջոցով:
Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար Թամար Բարկալայայի խոսքով՝ նախարարությունն աշխատում է սոցիալական աջակցության համար անհրաժեշտ վարկանիշային միավորների հաշվարկման կանոնի փոփոխության վրա։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին այսօր՝ մայիսի 16-ին կայացած կառավարության նիստից հետո մի շարք հայտարարություններ է արել, կապված նավթի գների, ալյուրի ներկրման և հացի թանկացման մասին,ավելին՝ այստեղ:
«Հաց արտադրողների միության» նախագահ Մալխազ Դոլիձեն հաղորդում է, որ մայիսին Վրաստանում հացը թանկացել է արդեն 10 թեթրիով:
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան ասել է. «Ուզում եմ ընդգծել, որ մատակարարման ուշացում չկա, կա ալյուրի և ցորենի մատակարարման իրական փոփոխություն, ինչը պայմանավորված է մեր հիմնական ներկրող երկրի կողմից ցորենի արտահանման հարկով»: Նրա խոսքով, այս տարի ներկրվել է 54 հազար տոննա ալյուր, մոտ 43 հազար տոննա ցորեն, նախորդ տարվա համեմատ այս տատանումը կապված է հենց այդ խնդրի հետ:
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ այս տարվա ապրիլին արտերկրից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 308,104 մլն ԱՄՆ դոլար, որից 132,979 մլն դոլարը՝ Ռուսաստանից։
Bloomberg համակարգում մեկ դոլարը վաճառվել է 2,9800 լարիով։