Վրացական կողմն արձագանքել է Եվրոպայի հեռարձակողների միության հայտարարությանը, ըստ որի «Եվրատեսիլ 2022»-ի ժամանակ կանոնների խախտմամբ է կատարվել քվեարկությունը:
«Եվրոպայի հեռարձակողների միությունը ներկայումս քննարկում է այս հարցը: Սպասում ենք արդյունքներին»,- ասվում է Վրաստանի հանրային հեռարձակողի հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի ազգային ժյուրին «Եվրատեսիլ 2022»-ին ուկրաինական խմբին տվել է ամենաբարձր գնահատականը՝ 12 միավոր, սակայն մրցույթի կազմակերպիչները եթերում անվանել են «6» թիվը։
Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU) հայտնել է, որ վեց երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, կանոնների խախտումով են քվեարկել: Այդ իսկ պատճառով ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները համարվել են կասկածելի։
Խոսքը նաև Ադրբեջանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի քվեարկության մասին է։
Վրացական կողմը վիճարկում է Եվրոպայի հեռարձակողների միության որոշումը.
«Մրցույթի կազմակերպիչներին միավորներն ուղարկվում են՝ հաշվի առնելով համապատասխան ընթացակարգերը, այդ թվում՝ նոտարական վավերացումը։ Միավորները հայտարարվում են եզրափակիչի օրը։ Հանրային հեռարձակողը կատարել է բոլոր պայմանները, ուղարկել է պաշտոնական փաստաթուղթ և ստացել Եվրոպայի հեռարձակողների միության համաձայնությունը, որ թերացումներ չկան»,- ասվում է վրացական կողմի հաղորդագրությունում։
Միաժամանակ ընդգծվում է, որ վրացական կողմը շահագրգռված չէր մրցույթի արդյունքները շահարկելով, քանի որ Վրաստանի ներկայացուցիչը եզրափակիչի ուղեգիր չի նվաճել։
Հայտարարության մեջ նշվում է, որ ազգային ժյուրիի համար սկզբունքորեն կարևոր էր 12 միավոր տալ արժանի մասնակցին, որն այս դեպքում Ուկրաինայի ներկայացուցիչն էր։
Կարդացեք նաև՝
«Եվրատեսիլ 2022-ում» 6 երկրների ժյուրիի քվեներ չեղարկվում են