Վրաց-հայկական սահմանների խստացումները, ինչպես նաև դրանց վերջնական սահմանագծման և սահմանազատման անավարտ լինելը մի շարք խնդիրներ է առաջացրել սահմանակից գյուղերում։
Մառնեուլիի շրջանի հայաբնակ Աղքյորփի գյուղը երեք կողմից սահմանակից է Հայաստանի հետ, գյուղատնտեսական հողերի հիմնական մասը գտնվում է հենց սահմանի վրա, ու եթե տարիներ առաջ այս հատվածներին հասնելու համար ոչինչ պետք չէր, հետո միայն անձը հաստատող փաստաթուղթ, ապա այժմ հարկավոր է նախապես մի շարք փաստաթղթեր ներկայացնել սահմանապահներին, որից հետո ստանում են հատուկ փաստաթուղթ` սահմանին մինչև 500 մետր մոտենալու համար։
Աղքյորփի գյուղի բնակիչները «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում են, որ սահմանային խստացումների պատճառով առաջ են եկել հողագործության, անասնապահության, արոտավայրերի, առևտրի, վառելափայտ ձեռք բերելու խնդիրներ, թեև վերջինս պետության կողմից որոշ չափով փոխհատուցվում է։
Աղքյորփի գյուղի բնակիչ Գագիկ Սարգսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է.
«Արոտավայրերի խնդիր կա, դաշտերում հիմա ինչ ծառ ու թուփ ասես դուրս է եկել, պետք է մշակվի։ Ուզում ենք գնալ մշակել՝ սահմանապահները գալիս են հետ ուղարկում, իսկ թույլտվությունն էլ, որ ստանանք սահմանը հատելու համար, բավականին ժամանակատար պրոցես է, առաջ ավելի հեշտ էինք ստանում»։
Նա նաև հավելում է, որ չկա որևէ նախազգուշացնող նշան, որ այդտեղից այն կողմ սահմանն է ու չի թույլատրվում հատել։
«Մենք հասարակ գյուղացիներ ենք, գնում ենք մեր դաշտում աշխատելու՝ գալիս են ասում սահման եք հատել, բա մենք ո՞նց իմանանք, որն է սահմանը»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է գյուղի բնակիչ Լյովա Դանիելյանն ու ընդգծում՝ հնձի սեզոնին տրակտորով գնում են հնձի՝ ասում են, որ տրակտոր տանելու իրավունք չկա, հատուկ մարդ է պետք տրակտորի համար։
Տարակուսանք հայտնելով՝ գյուղի այլ բնակիչներ նաև նշում են, որ շատ հաճախ սահմանապահներն ասում են. «մեկ-երկու հոգով գնացեք հնձեք արտը, էդ մեծ արտերը՝ անբարենպաստ եղանակներին երկու հոգով ինչպես հնձենք»։
Գյուղի մեկ այլ բնակիչ Արմեն Ավագյանն էլ հավելում է, որ այս բոլոր խնդիրների հետևանքով շատերը հրաժարվել են անասնապահությամբ զբաղվելուց, քանի որ արոտավայրեր չկան, իսկ գյուղացին այդքան հնարավորություն չունի խոտի մեկ տուկը 12 լարիով (մոտ 4 դոլար) գնելու և անասունին տալու համար։
Ըստ գյուղացիների, այս ամենի մեջ միակ դրականն այն է, որ պետությունը գոնե տրամադրում է մի փոքր վառելափայտ.
«Ճիշտ է, այս տարի 5 կուբամետր են տրամադրել, ի տարբերություն նախորդ տարիների, երբ 15 էին տրամադրում, բայց դա էլ գոնե լավ է»։
Աղքյորփիի մեկ այլ բնակիչ էլ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ նախկինում, երբ սահմաններն այսքան խիստ չէին վերահսկվում, գյուղացիներն օգտվում էին նաև անտառի բարիքներից՝ այն հետո վաճառում ու ծառայեցնում իրենց այլ խնդիրների լուծմանը։
«Գնում էինք սունկ, տարբեր հատապտուղներ հավաքում, բերում էինք պահածոյացնում կամ վաճառում, համենայն դեպս ծառայեցնում էինք մեր կարիքների բավարարմանը, հիմա դա ևս չկա»,- ասում է նա՝ հավելելով՝ գյուղի կյանքը դժվարացել է վերջին տարիներին։
Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ անցագրեր տրամադրելու կարգում է որոշ փոփոխություններ եղել, մի քիչ փաստաթղթային մասն է ավելացել։
«Նախկինում միայն անձնագիր էին տալիս և վերջ, հիմա փաստաթղթեր կան, որ պետք է լրացվի. ինչ սեզոնի են գնալու, ինչ տրանսպորտով, ինչով են զբաղվելու այդ ընթացքում, այսպիսի հարցեր են, որոնք պետք է լրացվեն»,- ասում է Հախվերդյանը։
Պատգամավորը նշում է, որ փաստաթղթերի լրացման գործընթացն արդեն մեկնարկել է.
«Օրեր առաջ Աղքյորփիում էի, գյուղացիներն արդեն սկսել էին լրացնել և հանձնել այդ փաստաթղթերը»։
Հախվերդյանը վստահեցնում է՝ գյուղացիները ո՛չ խոտհնձի, ո՛չ բերքահավաքի ժամանակ որևէ խնդիր չեն ունենալու։
Կարդացեք նաև՝
Տունը՝ վրացական, իսկ զուգարանը հայկական տարածքում է. Մակար պապն է Խոժոռնիից