Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթները կարող են հաստատվել 2022 թվականի վերջին կամ 2023 թվականի սկզբին, հայտարարել է Վրաստանում Միացյալ Նահանգների առևտրի պալատի փոխնախագահ Իրակլի Բայդաշվիլին։
Կողմերը դա քննարկում էին արդեն մի քանի տարի։ Դեռ 2019 թվականին այս մասին հայտարարել էր այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեն, այնուհետև Վրաստան են այցելել ամերիկյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչները, սակայն ծրագրերը խափանվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Բայդաշվիլին ասել է, որ հիմնական ակնկալիքն այն է, որ ուղիղ չվերթները կօգնեն ամերիկացի զբոսաշրջիկներին հետաքրքրվել Վրաստանով, և այժմ տեղի զբոսաշրջային ընկերությունները պետք է սկսեն նախապատրաստվել դրան։
«Վրացական զբոսաշրջային ընկերությունները պետք է ձեռնամուխ լինեն, որպեսզի երկիրը ներկայացնեն որպես հետաքրքիր զբոսաշրջային վայր և վստահելի բիզնես գործընկեր»,- ասել է Ամերիկայի առևտրի պալատի փոխնախագահը։