Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլին խորհրդարանում իր ելույթի ժամանակ վերահաստատել է, որ 2022 թվականի հունիսից սոցիալապես անապահով երեխաներին տրվող նպաստը 100 լարիի (մոտ 33 դոլար) փոխարեն կդառնա 150 լարի (մոտ 50 դոլար)։
Վրաստանում մեկնարկել է ֆերմերներին աջակցության ծրագրի փոխհատուցումների փուլը։ Վրաստանի կայուն զարգացման և էկոնոմիկայի նախարարության տրամադրած աջակցությունն ուղղված է այն հողագործներին, որոնք ունեն հանրային ռեեստրում գրանցված առնվազն 0․25 և առավելագույնը 1 հեկտար հողատարածք։ Մանրամասն՝ այստեղ:
Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Դարեն Սոտոյի և Բրենդան Բոյլի հետ։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև ուղիղ չվերթների պլանավորման կարևորությունը։
Դավիթաշվիլին ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումից հետո ասել է, որ ամերիկացի գործընկեր կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ Վրաստանին շատ հստակ աջակցություն կար։
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա։
«Վիվամեդ» կլինիկա տեղափոխվելուց հետո Սաակաշվիլիին այցելել է նրա մայրը՝ Գյուլի Ալասանիան, ով դժգոհ է որդու առողջական վիճակից և պահանջում է նրան տեղափոխել արտերկիր բուժման համար։ Ըստ նրա՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին, խոսելով Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու մասին, ասել է. «Անկախ նրանից, թե մարդն ինչ հանցանք է գործել, պետք է հոգ տանել նրա առողջության մասին, կյանքը չվտանգել»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հնարավոր է գրասենյակ բացի Ռուսաստանից դուրս` եվրոպական որևէ երկրում:
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC Վրաստան) համաձայն՝ Վրաստանի բնակիչները տեղեկատվությունը գերադասում են ստանալ «Իմեդի», «Ռուսթավի 2» և «Մթավարի Արխի» հեռուստաալիքներով։
Շվեյցարական Credit Suisse բանկը Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի մեղադրանքներն անհիմն է համարում։
Ռիկոտիի լեռնանցքում նոր ճանապարհի ևս մի քանի հատվածների գործարկումը նախատեսվում է տարեվերջին:
Alpha Group կոնսորցիումը պատրաստվում է վաճառել IDS Borjomi Georgia-ում իր վերահսկողական տակ գտնվող բաժնետոմսերի 55,8 տոկոսը, ավելին՝ այստեղ:
Ուկրաինայի «Ազովստալ» գործարանում ընթացող մարտերում զոհվել է ազգությամբ վրացի զինվորական 27-ամյա Տատո Բիգվավան։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը Forbes Georgia-ի երիտասարդական գագաթնաժողովի իր ելույթում ասել է, որ Վրաստանի ապագայի հարցում ԱՄՆ-ն լավատես է։