Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանն ուսանողների պահանջով անցնում է ուսուցման հիբրիդային (խառը) ձևաչափի։
Այս մասին հայտարարել է Թբիլիսիի պետական համալսարանը՝ նշելով, որ փոփոխություն է կատարվել բուհի ռեկտորի 2021 թվականի օգոստոսի 2-ի «Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում 2021-2022 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի ժամկետները սահմանելու մասին» հրամանում։
Հիշեցնենք, որ մայր բուհի ուսանողները հիբրիդային ուսուցում են պահանջում փետրվարից, երբ ԹՊՀ-ն հաշվի առնելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակը, որոշում կայացրեց 2022 թվականի մայիսի 2-ից ուսումնական գործընթացն ամբողջությամբ շարունակել լսարաններում։
Երեկ ուսանողները գիշերել են ԹՊՀ-ի գլխավոր մասնաշենքի նիստերի դահլիճում՝ պահանջելով ռեկտորի հետ հանդիպում: Բողոքի ցույցի պատճառը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Թբիլիսիում բնակարանների վարձավճարների կտրուկ բարձրացումն է։
Հատկանշական է, որ 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակի ավարտական քննությունները կանցկացվեն ոչ թե հեռավար, այլ առկա տարբերակով։
Բացառության կարգով որոշ որոշումներ չեն վերաբերի այն ուսանողներին, ովքեր գտնվում են Վրաստանի օկուպացված տարածքներում։
Կարդացեք նաև՝
Թբիլիսիում բնակարանների վարձավճարների բարձրացումն անհանգստացնում է ուսանողներին