Մայիսի 9-ին լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 77-ամյակը:
Վրաստանում կրկին ակտիվացել են քննարկումները օրվա տոնակատարությունը մայիսի 8-ը տեղափոխելու շուրջ։ 77 տարի առաջ հաղթանակած երկրները, այդ թվում՝ Վրաստանը, օրը տոնում են մայիսի 9-ին։ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները այս տոնը, սակայն, նշում են մայիսի 8-ին, ավելին՝ այստեղ։
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան միանվագ 1000 լարի (մոտ 330 դոլար), իսկ զոհվածների ընտանիքի անդամները՝ 500 լարի (մոտ 165 դոլար):
Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ԵՄ անդամ երկրների և Վրաստանի քաղաքացիների հետ նշում է Եվրոպայի օրը։
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում կայացած ընտրությունների նախնական տվյալներով առաջատար է Ալան Գագլոևը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում կայացած «նախագահական ընտրությունները»։
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի գործող դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը «նախագահական ընտրություններում» ընդդիմադիր Ալան Գագլոևի հանդեպ պարտությունն ընդունելուց հետո ռուսական «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեն կայանալու է։
Վրաստանի նախկին վարչապետ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին երկրորդ անգամ դատի է տվել շվեյցարական Credit Suisse բանկին։
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ազատ է տեղաշարժի համար։ Նախարարի խոսքով, եթե հարկ լինի Սաակաշվիլին արտերկիր կտեղափոխվի բուժման նպատակով։
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Խատիա դեկանոիձեի խոսքով, եթե Սաակաշվիլիի առողջական վիճակը լուրջ հետևանքներ ունենա երրորդ նախագահի վրա, ապա այն երկրի համար աղետալի կլինի։
«Իմեդի» հեռուստաընկերության եթերում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է. «Ուկրաինացի ժողովուրդը՝ Ուկրաինան, մեր բարեկամ երկիրն է։ Ուստի մենք կենտրոնացած ենք լինելու ոչ միայն երկրների, այլև իշխանությունների միջև բարեկամության ամրապնդման վրա»։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին մայիսի 9-11-ը աշխատանքային այցով կլինի ԱՄՆ-ում։
Թբիլիսիի քաղաքապետարանը դիմել է Պետական գնումների գործակալությանը` Վրաստանի անկախության օրվա՝ Մայիսի 26-ի տոնակատարության միջոցառման կազմակերպման ֆինանսավորման համար, ավելին՝ այստեղ։
Բոլնիսի (Բոլնիս-Խաչեն) գյուղում, հայ մեծանուն գրող, հասարակական գործիչ Ղազարոս Աղայանի տուն-թանգարանի բակում նշվել է նրա ծննդյան 182-ամյակը։
Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող երեք հայաբնակ գյուղեր՝ Աղքյորփի, Օփրեթի և Չանախչի արդեն երկրորդ շաբաթն է, ինչ հասարակական տրանսպորտ չի գնում։ Մանրամասն՝ այստեղ։
Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեիթոնի խոսքով, չնայած այն բանին, որ Վրաստանի մի մասը զբաղեցնում են ռուս զինվորները՝ ինքը՝ Քլեիթոնը դրանում ոչ մի վտանգ չի տեսնում։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ ԵՄ հարցաշարի երկրորդ մասը լրացված կերպով Վրաստանը ԵՄ-ին կհանձնի այսօր՝ մայիսի 10-ին։ Պապուաշվիլին նաև նշել է, որ Վրաստանի կողմից ասոցացման պայմանագիրը արդեն 40 տոկոսով կատարված է։