Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Formula հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ՆԱՏՕ-ն անհանգստացած է Վրաստանում բարեփոխումների մակարդակով։
Կոլոմինայի խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքը Վրաստանին խնդրել է բարեփոխումներ իրականացնել տարբեր ձևերով, և երկիրը ստացել է համապատասխան առաջարկություններ։
Ըստ Կոլոմինայի՝ բարեփոխումների հիմնականում վերաբերում են դատական, ընտրական և անվտանգության ոլորտներին։ Սակայն, դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ այդ բարեփոխումները ՆԱՏՕ-ի համար ցանկալի տեմպերով չեն ընթանում, և գործընթացը վերջին 1,5 տարում կանգ է առել։
«Մեր տարեկան ազգային հայեցակարգում նախանշել ենք 10 առաջարկություն: Առանցքային են բարեփոխումները դատաիրավական, ընտրական և անվտանգության ոլորտներում:
Մենք մտահոգված ենք և՛ դաշինքի, և՛ դաշնակիցների համար», — ասել է Կոլոմինան:
Ըստ դաշինքի ներկայացուցչի՝ «ՆԱՏՕ-ն շատ գոհ է Վրաստանի հետ երկկողմ հարաբերություններից և գործնական համագործակցությունից»:
Կոլոմինան նաև նշել է, որ դաշինքն աշխատում է Վրաստանի հետ գործնական համագործակցությունն ու երկխոսությունը շարունակելու ուղղությամբ։