Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հայտարարությամբ՝ «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը խոչընդոտում է Աբխազիայի արտաքին շփումներին։
«2008 թվականին, Վրաստանի ռազմական ագրեսիայից հետո, վրացական իշխանություններն ակտիվորեն օգտագործում են «օկուպացված տարածքների» մասին թեզը բոլոր միջազգային ձևաչափերում և տեղեկատվական տարածություններում, ըստ որի Աբխազիայի Հանրապետությունը և Հարավային Օսիայի Հանրապետությունը օկուպացված են Ռուսաստանի Դաշնության կողմից։
Աբխազիայի Հանրապետությունում տիրող իրավիճակը չի համապատասխանում օկուպացիայի միջազգայնորեն ճանաչված չափանիշներից որևէ մեկին։ Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որտեղ օրինականորեն ընտրված պետական մարմիններն իրականացնում են արդյունավետ կառավարում և վերահսկողություն՝ առանց արտաքին միջամտության»,- ասված է Վրաստանի կողմից անջատված Աբխազիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ Աբխազիան և Հարավային Օսիան 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի կողմից ճանաչվեցին որպես անկախ պետություններ։ Ռուսաստանը երկու կողմերի հետ կնքել է լայնածավալ դաշինքային համաձայնագրեր։ Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիների ավելի քան 80%-ը Ռուսաստանի քաղաքացիություն ունի։