Սաակաշվիլին օգնություն է խնդրում «Հիպոկրատի երդում տված պատգամավորներից՝ անկախ կուսակցական պատկանելիությունից»

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին դիմել է առողջապահության նախկին նախարար (2019 թվականին) Դավիթ Սերգեենկոյին, և Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Դիմիտրի Խունդաձեին, ինչպես նաև «Հիպոկրատի երդում տված պատգամավորներից՝ անկախ կուսակցական պատկանելիությունից»՝ այցելել իրեն ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես հիվանդ և համապատասխան եզրակացություն անել։ 

«Ձեզ կընդունեն ու կդիմավորեն որպես բժիշկներ և ոչ թե քաղաքական գործիչներ, իմ հակառակորդներ կամ համախոհներ։ Ես չեմ պատրաստվում քաղաքական քննարկումներ ունենալ։ Կխոսենք միայն իմ առողջական վիճակի, հետազոտելու և օբյեկտիվ եզրակացություն ստանալու հնարավորության մասին»,- ասել է Սաակաշվիլին։ 

Նշենք, որ Վրաստանի հանրային պաշտպանի կողմից ստեղծված բժիշկ-փորձագետների խմբի եզրակացության համաձայն՝ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարման հետևանքով առաջացել է անորեքսիա ու սպիտակուցային սով, և այս փուլում խորհուրդ է տրվում ժամանակին նյարդահոգեբանական և ֆիզիկական վերականգնում։ 

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն էլ կասկածի տակ է դրել այս եզրակացությունը և ասել, որ Սաակաշվիլին բավականաչափ սպիտակուց է ստանում։

Կարդացեք նաև՝

Պահանջում են Սաակաշվիլիի նկատմամբ պատշաճ վերաբերմունք և Վրաստանից դուրս բժշկական օգնության ցուցաբերում. ՀԿ-ներ

Սաակաշվիլին «անամոթություն» է որակել Վրաստանում իր կողմից պատերազմ սկսելու հայտարարությունները

`