Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ ապրիլին Վրաստանում գրանցվել է 12,8 տոկոս գնաճ։
Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Գերմանիան աջակցում է Վրաստանին՝ դեպի Եվրոպա տանող ճանապարհին։
Ռուսաստանի սահմանապահ ծառայություններից խոստովանել են, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին քաղաքացիների մեծ թիվ է լքել երկիրը։ Ըստ ՌԴ կողմի՝ քաղաքացիների հոսքը դեպի Վրաստան աճել է 5 անգամ, Հայաստան՝ 3 անգամ։
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանի մամուլի ազատության ինդեքսը կտրուկ անկում է գրանցել:
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Տիդեստրոմին, քննարկվել է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության պաշտոնական դիմումն ու երկու երկրների հարաբերությունները:
Ընդդիմադիր «Վրաստանի համար» խմբակցության պատգամավոր Բեքա Լիլուաշվիլին ասել է. «Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Մենք չենք աջակցի Սաակաշվիլիի վերաբերյալ հետաքննող հանձնաժողովի ստեղծմանը»:
Թբիլիսիի քաղաքային տեսչության աշխատակիցները մետրոյի Սամգորի կայարանի (Նավթլուղի) և Մևելի փողոցի հարակից տարածքից, ինչպես նաև մետրոյի Ախմետելիի թատրոն կայարանի հարակից տարածքից հեռացրել են բացօթյա առևտրի համար նախատեսված վաճառասեղանները։
Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը պետք է որոշի՝ հանրայնացնել, թե ոչ ԵՄ անդամակցության ինքնագնահատման հարցաշարի պատասխանները։
«Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը հայտնում է, որ մայիսի 3-ից, ուղևորները կարող են նստել վարորդի կողքին։
Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Միքսերը «Քրոնիկա» հաղորդման ժամանակ ասել է, որ ԵՄ-ն պետք է միասնական մոտեցում ունենա Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նկատմամբ՝ կազմակերպությանն անդամակցելու հարցում։
Ըստ Վրաստանի նախագահ Սալոմե Զուլաբիշվիլիի՝ «երեկ Վրաստանը հանձնել է ԵՄ անդամ դառնալու թեկնածության հարցաշարը, վաղը կդառնա ԵՄ անդամ և սա ամենամեծ հույսն է»:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հրապարակած հայտարարությունը «անլուրջ» է որակել՝ նշելով, թե պատերազմի ժամանակ կարևոր է, որ գերատեսչությունները չկորցնեն իրենց «լրջությունը»։
Երեկ Վրաստանի արդարադատության նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությանը՝ ծանոթացնելով Վրաստանի արդարադատության նախարարության նորարարական ծառայություններին։
Վրաստանում միասնական ազգային քննությունների 1+4 ծրագրով ընդունվելու համար հանձնվող ընդհանուր ունակությունների քննության անցողիկ միավորի հետ կապված փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ուղևորահոսքի ավելացմամբ պայմանավորված՝ «Վրացական երկաթուղին» մայիսի 6-15-ը Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ կիրականացնի լրացուցիչ ուղևորափոխադրումներ։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին վրաց-չեխական գործարար համաժողովի բացման ժամանակ ասել է. «Վրաց-չեխական տնտեսական հարաբերություններում չօգտագործված ներուժը դեռ մեծ է»: Բիզնես ֆորումին մասնակցում են վրացական և չեխական շուրջ 200 ընկերություններ։ Նրանց թվում են ավելի քան 20 գործարարներ Չեխիայից, որոնք ներկայացնում են շինարարության և զարգացման, էներգետիկայի, զբոսաշրջության, բժշկական տեխնոլոգիաների, տարածքային պլանավորման, տրանսպորտային համակարգերի և այլ ոլորտներ:
Եվ վերջում՝ մայիսի 3-ի առքուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 2,59 թեթրիով, ինչի արդյունքում պաշտոնական արժեքը կազմել է 3,0331 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 3,21 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,1869 լարի։