«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականի տվյալներով Վրաստանի մամուլի ազատության ինդեքսը կտրուկ անկում է գրանցել:
Մամուլի ազատության առումով Վրաստանը 180 երկրների մեջ 59,30 միավորով զբաղեցնում է 89-րդ տեղը, ինչը նշանակում է, որ Վրաստանը զգալիորեն նահանջել է 29 կետով։
Նշվում է, որ 2021 թվականին Վրաստանը 71,36 միավորով զբաղեցրել է 60-րդ տեղը։
Նշենք, որ RSF-ն երկրում մամուլի ազատությունը գնահատում է քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական և անվտանգության ցուցանիշների հիման վրա։
Ըստ այդ չափանիշների՝ աշխարհում ԶԼՄ-ների ազատության առաջին հնգյակում են Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Էստոնիան և Ֆինլանդիան։
Վրաստանի պարագայում՝ կազմակերպության զեկույցում նշվում է, որ պաշտոնական միջամտությունը խաթարում է երկրում մամուլի ազատության բարելավմանն ուղղված ջանքերը։
RSF տվյալներով՝ 2021 թվականին երկրում աննախադեպ թվով ֆիզիկական հարձակումներ են եղել լրագրողների վրա։
Ըստ տվյալների՝ լրագրողների նկատմամբ բանավոր ու ֆիզիկական բռնությունները հաճախակի են լինում պետական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, հատկապես նախընտրական քարոզարշավի ժամանակ։
«2021 թվականի հուլիսին հոմոֆոբ խմբերի հարձակման ժամանակ իրավապահների աչքի առաջ 50 լրագրողների վրա դաժան հարձակումն աննախադեպ հետընթաց էր։ Հետաքննության ընթացքում թափանցիկության և առաջընթացի բացակայությունը վկայում է լրագրողների նկատմամբ հանցագործություն կատարողների անպատժելիության մասին», — ասված է RSF զեկույցում։
Ըստ կազմակերպության՝ Վրաստանում մեդիա դաշտը բազմազան է և միևնույն ժամանակ` խիստ բևեռացված։ Նրանց խոսքով՝ լրատվամիջոցների սեփականատերերը հաճախ են միջամտում խմբագրական անկախությանը։
Ինչպես նշում է RSF-ը, վրացական օրենսդրությունն արգելում է քաղաքական կուսակցություններին ազդել լրատվամիջոցների վրա, թեև խոշոր լրատվամիջոցների սեփականատերերը հաճախ սերտ կապեր ունեն քաղաքական առաջնորդների հետ։
Կարդացեք նաև՝
Հարձակումներ լրագրողների վրա, անկարգություններ. ռադիկալ խմբերը՝ ԼԳԲՏ անձանց դեմ «պայքարում»