Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Գերմանիան աջակցում է Վրաստանին դեպի Եվրոպա տանող ճանապարհին։
Նշվում է, որ ապրիլի 28-ին բունդեսթագը (Գերմանիայի խորհրդարանը) ընդունել է «Խաղաղությունն ու ազատությունը պաշտպանող» բանաձևը, և կրկին հաստատել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային աջակցությունը` «իրենց եվրոպական ճանապարհին»։
«Խորհրդարանի համաձայն՝ ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածի չափանիշների կատարումը նախապայման է ԵՄ-ին անդամակցելու համար»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Եվրոպական միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած եվրոպական պետություն, որը հարգում և քարոզում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, օրենքի գերակայությունը և այլն՝ իրավունք ունի դիմել ԵՄ անդամակցության համար։