Երևանում փոքրիկ հայրենիք. այսպես է նկարագրում Արմեն Հովհաննիսյանը Փարաջանովի թանգարանում կայացած այսօրվա ներկայացումը:
Երևանում, Փարաջանովի թանգարանի բակում տեղի ունեցավ ծնունդով Վրաստանի Մառնեուլիի շրջանի Շահումյանի գյուղից տիկնիկագործ Արմեն Հովհանիսյանի ներկայացումը:
«Դեռևս երեք տարի առաջ էի ստացել հրավեր, որ ներկայացում ունենամ Փարաջանովի թանգարանում, սակայն որոշակի խնդիրներից ելնելով, մինչ էսօր չէր ստացվում: Այժմ Մառնեուլիի մշակույթի տան ֆինանսավորմամբ ներկայացումն իրականություն դարձավ», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմում է Հովհաննիսյանը:
Մառնեուլիի մշակույթի տան ներկայացուցիչ Զուրա Խափթիանին «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է. «ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչեցի հենց Արմենի միջոցով»:
Առաջին անգամ Հայաստանում գտնվող Խափթիանին կիսվում է իր տպավորություններով և հավելում, որ հայ-վրացական կապը, մանավանդ մշակույթի ոլորտում պետք է էլ ավելի սերտ լինի:
Համաձայնում ենք, որ Արմեն Հովհաննիսյանն էլ Հայաստանն ու Վրաստանը կապող կամուրջի մի մասինիկն է:
«Մասշտաբները տարբեր են իհարկե, բայց Արմենն էլ ոչ պակաս է անում, քան Փարաջանովը», — ասում է Խափթիանին:
Ներկայացումն սկսվեց Թբիլիսիից (ավելի ճիշտ հենց Թիֆլիսից), հետո եկավ քոչարին և վերջում էլ երկնքից երեք խնձորի փոխարեն մի մեծ նուռ ընկավ, իսկ նռան մեջից էլ դուրս եկավ Փարաջանովը:
Բակում հավաքված մեծ ու մանուկ հիացած նայում էին, թե ինչպես է Արմենը վարպետորեն խաղացնում իր իսկ ձեռքերով կառուցված կերպարները:
Լուսանկարները՝ Աղաբեգ Սիմոնյանի