Հայաստան պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտգործնախարարությունը:
Ըստ տեղեկության, կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության հարցեր։ Նախարարները դրական են գնահատել երկու երկրների ավանդական բարիդրացիական հարաբերությունները, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի հանդիպումներն ու փոխայցելությունները։
Նախարարները ողջունեցին Վրաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ընդգծեցին տարեդարձի պատշաճ նշումը։
Համագործակցության հիմնական ուղղությունների մասին խոսելիս, հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանի տնտեսական, առևտրային ուղղություններին և տարանցիկ ներուժին։
Նշվել է, թե որքան կարևոր է և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի համար երկու երկրների տնտեսական ներուժի լիարժեք իրացումը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել, այդ թվում պարբերաբար երկկողմ տնտեսական հանձնաժողովի նիստեր անցկացնել։
Հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցության դրական գնահատականը և հատկապես վերջին տարիներին այս առումով դրական դինամիկան՝ նախարարները պայմանավորվել են աշխատել լրացուցիչ աջակցության մեխանիզմների ներդրման ուղղությամբ՝ զբոսաշրջության աճող հոսքերի հաշվին։
Դրական են գնահատվել նաև Վրաստանի և Հայաստանի միջև կապերը մշակույթի, կրթության, երկու ժողովուրդների միջև հարաբերությունների ոլորտներում։
Հանդիպմանը հաջորդել են երկու երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունները մամուլի համար։
Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարը ծաղկեպսակ է խոնարհել Եղեռնի զոհերի հուշահամալիրում։