Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ խնդրել է Վրաստանին արգելափակել իր տարածքով Ռուսաստանից օդային և ցամաքային ճանապարհով զենքի տեղափոխումը Հայաստան, իսկ Վրաստանը խնդրանքը չի մերժել։
Այս մասին Ալիևը հայտարարել է «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը:
«Մեր վրացի ընկերներին խնդրեցինք 44-օրյա պատերազմի ժամանակ փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին, ինչի համար շնորհակալ ենք», — ասել է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք՝ 2020 թվականին Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարել էր, որ Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրումն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Դարսալիան հայտարարել էր, որ սոցցանցում տարածված տեղեկությունն այն մասին, որ Վրաստանի տարածքով Ադրբեջան զենք է բերվում, ապատեղեկատվություն է և սուտ:
Ընդգծենք նաև, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեկնարկից հետո՝ հոկտեմբերի 3-ին Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ էր անցկացրել, որից հետո մի շարք որոշումներ էր կայացրել։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով, Վրաստանի կառավարությունը, էսկալացիայի սկսվելուն պես, ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռներ տեղափոխելու համար թույլտվությունների տրամադրումը սեփական՝ օդային և ցամաքային տարածքով երկու երկրների ուղղությամբ: Այս մասին կողմերը տեղեկացված են եղել: Մեր ընդհանուր շահն է արագ ավարտել ռազմական բախումները և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում», — հայտարարել էին խորհրդի նիստից հետո։
Կարդացեք նաև՝
Վրաստանը պաշտոնական հայտարարություն է տարածել ռազմական բեռներ տեղափոխելու վերաբերյալ
Վրաստանը հերքում է իր տարածքով Թուրքիայից սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման մասին լուրերը