Ղարիբաշվիլին՝ ձայնագրության, Ցխինվալիի հանրաքվեի, ՌԴ համար տարանցիկ երկիր լինելու մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ապրիլի 25-ին հրապարակված ձայնագրություններն անհիմն իրարանցում է որակել։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս թաքնված, կեղծված ձայնագրությունների հիմնական նպատակը Վրաստանում պատերազմ սկսելն է, և նրանք (խմբ. ընդդիմությունը) հուսահատ են՝ փորձում են նման կեղծիքով մոլորեցնել հասարակությանը, մեր միջազգային գործընկերներին։

Ես ավելին ոչինչ չեմ կարող ասել, այս ձայնագրությունները ոչինչ չեն ասում…»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետը հավելել է, որ «այդ ամբողջ աժիոտաժը, իբր սկանդալները մի նպատակի են ուղղված՝ ինչ-որ կերպ երկրորդ ճակատ բացել Վրաստանում։ Այն բանից հետո, երբ իշխող թիմը հասկացրել է, որ Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու»:

Նշենք, որ ապրիլի 25-ին YouTube հարթակում աուդիո ձայնագրություն է տարածվել, ըստ որի՝ իբր զրուցել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին և ռուս միլիարդատեր, «Սիստեմ» կորպորացիայի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը։

Ղարիբաշվիլին խոսել է նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում հանրաքվե անցկացնելու մասին և հայտարարել.

«Ուզում եմ հույս հայտնել, որ այսպես չի շարունակվի, բայց մյուս կողմից, իհարկե, պետք չէ հանգիստ լինել»:

Վարչապետի խոսքով նախկինում ևս հանրաքվեի մասին հայտարարություններ են արվել։

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության կողմից իրեն խորհրդարան կանչելը վարչապետն այսպես է մեկնաբանել.

«Սահմանադրության և օրենսդրության համաձայն, երբ պետք լինի, որ գնամ խորհրդարան, իհարկե, կգնամ»:

Նշենք, որ ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը Իրակլի Ղարիբաշվիլիին խորհրդարան է կանչել կառավարության դիրքորոշման և միջազգային պատժամիջոցների ռեժիմի վերաբերյալ հեռախոսային ձայնագրությունների պարզաբանման համար:

Ղարիբաշվիլին՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Վրաստանը կդառնա Ռուսաստանի համար տարանցիկ երկիր՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար, ասել է, որ «իրենք (խմբ. իշխող թիմը) ոչ մի իրավաբանական կամ ֆիզիկական անձի թույլ չեն տա օգտագործել Վրաստանի տարածքը՝ պատժամիջոցները շրջանցելու նպատակով»:

Կառավարության ղեկավարն ասել է, որ դա Վրաստանի կառավարության սկզբունքային դիրքորոշումն է, որը վերանայման ենթակա չէ։

«Այս առումով մենք ունենք համագործակցություն և համակարգում մեր գործընկերների հետ, և, բնականաբար, այս հարցի շուրջ ցանկացած շահարկում պետք է վերջ դրվի», — ասել է Ղարիբաշվիլին։

Կարդացեք նաև՝

https://www.aliq.ge/haravayin-osiayi-ghrimacum-the%d5%9e-tchnshumner-vrastani-vra-rusastani-naxadzernatc-nor-anekhsian-kartcikhner/