Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ):
Նշվում է, որ նախարարները ողջունել են Վրաստանի արտգործնախարարի այցը Բաքու և հույս հայտնել, որ բարձր մակարդակի սերտ կապերը կնպաստեն Վրաստանի և Ադրբեջանի միջև ավանդական բարեկամության հետագա ամրապնդմանը։
«Նախարարները վերանայել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության բոլոր հիմնական ուղղությունները։ Նրանք գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ։
Հանդիպմանը քննարկվել են աշխարհում և տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ հաշվի առնելով գլոբալ անվտանգության միջավայրն ու մարտահրավերները, ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և կայուն զարգացման կարևորությունը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ նախարարները բարձր են գնահատել երկու երկրների տնտեսական, էներգետիկ, առևտրային և տրանսպորտային կապերը։ Դրանց թվում էին միջազգային նշանակության Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, Հարավային բնական գազի միջանցքի նախագծերը և այլն.
«Կողմերի կարծիքով՝ դրանք մեծացնում են Վրաստանի ու Ադրբեջանի գրավչությունը և մեծ ներուժ ունեն էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության ապահովման առումով։ Նախարարները գոհունակություն են հայտնել համավարակի տնտեսական վերականգնման հետևանքով երկրների միջև աճող առևտրաշրջանառության կապակցությամբ և հույս հայտնել, որ ոլորտային հաջող համագործակցությունը և կանոնավոր տնտեսական ձևաչափերի անցկացումը էլ ավելի կամրապնդեն առկա առևտրի մակարդակը։ Ուշադրության կենտրոնում էր զբոսաշրջությունը՝ որպես երկու երկրների առաջնահերթություն, և այս առումով համագործակցության լավ հնարավորությունները»:
Ըստ տեղեկության՝ նախարարները քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի միջև մշակութային, կրթական և ազգամիջյան կապերը և ողջունել տարբեր նախագծերի միջոցով այդ կապերի հետագա խորացմանն ուղղված ջանքերը։
Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ հյուրընկալության համար և հույս հայտնել, որ այցը լրացուցիչ խթան կհաղորդի երկու երկրների միջև ամուր բարեկամությանը և սերտ միջէթնիկական կապերին: