Վրաստանի առողջապահության նախարարության զբաղվածության խթանման պետական գործակալության տվյալներով՝ սոցիալապես անապահով ընտանիքների զբաղվածության պետական ծրագրի շրջանակներում մարտի 1-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում արդեն աշխատանքի է տեղավորվել 4 601 անապահով քաղաքացի։ Փոխանցում է Business Media Georgia-ն (BMG)։
Տեղեկության համաձայն՝ քաղաքացիները հիմնականում աշխատում են բյուջետային կազմակերպություններում՝ դպրոցներում, թատրոններում և այլն։ Այս հաստատություններում նրանք զբաղեցնում ենք պահակի, այգեգործի, էլեկտրագործի, հավաքարարի և այլ հաստիքներ։
Հատկանշական է, որ ըստ տարածաշրջանների՝ ամենաբարձր զբաղվածությունը՝ 1 160 սոցիաապես անապահով աշխատող գտնվում է Գուրիայում, ամենացածրը՝ 39 սոցիալապես անապահով աշխատող՝ Թբիլիսիում։
Սոցիալապես անապահովների աշխատանքի տեղավորվածությունն ըստ շրջանների հետևյալն է՝
- Իմերեթի՝ 582 աշխատող,
- Կախեթի՝ 714 աշխատող,
- Քվեմո Քարթլի՝ 220 աշխատող,
- Շիդա Քարթլի՝ 199 աշխատող,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 156 աշխատող,
- Աջարիա՝ 495 աշխատող,
- Սամցխե-Ջավախեթի՝ 311 աշխատող,
- Մցխեթա-Մթիանեթի՝ 110 աշխատող,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 615 աշխատող։
«Աշխատավարձը հաշվարկվում է ըստ աշխատած օրերի, ամբողջական դրույքով 300 լարի (մոտ 102 դոլար), կես դրույքով 150 լարի (մոտ 51 դոլար), որը սոցիալական վճար է և չի հարկվում։
Հանրային աշխատանքների զբաղվածության խթանման ենթածրագրի հարթակում այս փուլում գրանցված է շուրջ 22 հազար թափուր աշխատատեղ։ Մինչև տարեվերջ հայտարարված թափուր աշխատատեղերի թիվը կհասցվի 50 հազարի։
Հանրային աշխատանքներում զբաղվածության խթանման ենթածրագրի պետբյուջեից նախնական փուլում հատկացվել է 4 մլն 931 հազար 250 լարի (մոտ 1 մլն 643 հազար 750 դոլար)»,- ասված է BMG-ին նախարարությունից տրամադրած տվյալներում։
Կարդացեք նաև՝
https://www.aliq.ge/socialapes-anapahovneri-hamar-20-hazar-thaphur-ashxatategh-ka/