Հարիսայի, գաթայի, տոլմայի փառատոների հետ միասին «Շուշանիկ» կանանց միության կողմից իրականացվող միջոցառումների ցանկում տեղ գտավ նաեւ վիրահայերի կողմից արդեն սիրված Ղափամայի տոնը: Օրինակ վերցնելով Գյումրիից՝ կազմակերպությունը պահպանում է հայկական խոհանոցը, ինչպես նաեւ ավանդույթները՝ կազմակերպելով նման թեմատիկ միջոցառումներ: Դեկտեմբերի 11-ին Թբիլիսիի առաջնորդանիստ սբ Գեւորգ եկեղեցու բակում հավաքվածները վայելեցին «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ անցկացված «Ղափամայի տոնը»: Մասնակից` մեծամասամբ կանանց կողմից ներկայացված էր ավելի քան 10 դդում: Տոնին կարելի էր նաեւ համտեսել դդմից պատրաստված այլ կերակուրներ: Ղափամայի տոնը բացեց «Շուշանիկ» կանանց միության հիմնադիր Սուսաննա Խաչատրյանը:
«Հայ ժողովուրդը հարուստ մշակույթ ունի նաեւ հարուստ խոհանոց, սա էլ մշակույթի մի մասն է կազմում: Չգիտես ինչու տարիների ընթացքում Վրաստանում մոռացության էին մատնվել հայկական ավանդական որոշ ճաշատեսակներ, «Շուշանիկ» միության նպատակներից մեկն է նաեւ պահպանել ավանդույթներն, այդ թվում նաեւ ճաշատեսակները»,- Նշեց Սուսաննա Խաչատրյանը:
Ղափամայի տոնը Թբիլիսիում խորհրդանշականորեն նշվեց դեկտեմբերի 11-ին, քանզի նախկինում ղափաման կապել են Սուրբ ծննդի եւ Ամանորի հետ: Ներկաներին շնորհավորեց նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով իր խոսքում ընդգծեց, որ Ղափամայի տոնը համընկել է Սուրբ Նիկողայոս հայրապետի տոնի հետ եւ հույս հայտնեց, որ Ղափամայի տոնը նույնպես ավանդույթ կդառնա:
«Սբ Նիկողայոսը, որ Ձմեռ Պապի, Սանտա Կլաուսի խորհրդանիշն է, մեծացել էր մեծահարուստ ընթանիքում, բայց օգնում էր մարդկանց, մանավանդ այն աղջիկներին, ովքեր գումար չունեին օժիտի, ինքը նրանց երթիկից գումար էր գցում, որ օժիտ գնեին եւ կարողանային ամուսնանալ»,-նշեց Վիրահայոց թեմի առաջնորդը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաեւ «Հայարտուն» կենտրոնի մենակատարներն ու «Տարոն» հայկական ազգագրական պարային համույթը, որին հավասար պարում էին նաեւ ներկաները: Իսկ մինչ այդ, Ղափամայի տոնի մասնակիցներն Ալիքին բացահայտեցին ղափամա պատրաստելու գաղտնիքը:
«Ղափաման դդումով, բրնձով պատրաստված կերակրատեսակ է, նրա պատրաստման գաղտնիքը բրինձն է,հայկական արեւահամ չրերը, խաղողի չամիչը, ես պատրաստում եմ նաեւ մեղրով: Շատ գեղեցիկ եւ համեղ կերակուր է».- պատմեց Անի Զեյնալյանը:
Սբ Գեւորգ եկեղեցու բակում հավաքվածներից մեծ մասն առաջին անգամ համտեսեց դդմից պատրաստված ուտեստը: Նինա Սերոպովան տպավորված էր փառատոնից.
«Վերականգնվում են հին հայկական ավանդույթները, իրոք հաճելի զգալ մեր հայ ժողովրդի միավորումն այստեղ՝ Թբիլիսիի սրտում՝ Մեյդանի հրապարակում: Երբ մարդիկ ուտեստը պատրաստելիս իրենց հոգին են ներդնում դրանում, իսկ հետո կիսվում այդ հոգու կտորներով: Ես տպավորված եմ այս ուտեստներով, պարերով, երգերով, հրաշալի բույրով…»
Ղափամայի հաջորդ տոնը տեղի կունենա հաջորդ տարի, իսկ մինչ այդ, հունվարին ամսին՝ գաթայի, բարեկենդանի տոնին համադրված՝ հարիսայի, ամռանը՝ տոլմայի փառատոնները: