Ապրիլի 20-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 232 նոր դեպք: Վարակից մահվան դեպք չի գրանցվել։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել լեռնային զարգացման ազգային խորհրդի նիստը, այս մասին գրառում է կատարել Սամցխե-Ջավախեթիի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ապաթուրայը ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում, որից հետո մի շարք հայտարարություններ արել, ավելին՝ այստեղ:
Ամերիկայի միացյալ նահանգների նախկին պետքարտուղար Ֆիոնա Հիլը ասել է, որ Արևմուտքը մի շարք սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ կապված, ինչը ի վերջո հանգեցրել է 2022 թվականին Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա։
Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցությունը ներքին գործերի նախարարության շենքի մոտ ցույց է անցկացրել՝ բողոքելով մի քանի օր առաջ Թբիլիսիում երիտասարդի սպանության քննության դեմ։
Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ իր հերթական դատական նիստի մեկնարկից րոպեներ անց վատ է զգացել և բժշկական օգնություն է խնդրել։
Վրաստանում 2022 թվականի ամռանը միասնական ազգային քննություններն այս տարի ևս կանցկացվեն մի քանի քննական կետերում: Դիմորդները պետք է հաշվի առնեն մի քանի նախազգուշացում՝ կապված քննության ընթացակարգի հետ:
Մառնեուլիի շրջանի Շահումյան և Կիրովկա գյուղերը կվերանվանվեն։
Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է 2021-2027 թվականների նախնական գնահատականն ու կանխատեսումը։ Ըստ կանխատեսման՝ 2021-2027 թվականներին 193 երկրների շարքում Վրաստանը օտարերկրյա ուղղակի ներդրումների աճի տեմպերով աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում, իսկ Եվրասիական մայրցամաքում առաջին տեղը։
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահի թեկնածու Ալան Գագլոևը խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ դրանք կախված են բազմաթիվ գործոններից:
Վրաստանից անջատված Հարավային Օսիայի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտին որպես Դոնբասում չճանաչված հանրապետության նախագահ Բիբիլովի հատուկ բանագնաց՝ սկսել է Ցխինվալիում կամավորներ հավաքագրումը՝ Ուկրաինայի դեմ կռվելու նպատակով։
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամները հանդիպել են Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին տեղեկանում ենք կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Վրաստանում ապրիլի 25-ից վարորդական իրավունքի գործնական քննությունը պարտադիր կդառնա B և BE կատեգորիաների համար իրական երթևեկությամբ, համապատասխան տարածքներն արդեն պատրաստ են:
Եվ վերջում՝ ապրիլի 20-ի առքուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 2,57 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 3,0273 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 0,66 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,2864 լարի։