Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահի թեկնածու Ալան Գագլոևը խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ դրանք կախված են բազմաթիվ գործոններից․
«Ամեն ինչ կախված է Վրաստանի վարած քաղաքականությունից։ Հարավային Օսիայի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է 1992 թվականին։ 2002-2003 թվականներին եղավ մի շրջան, երբ սկսեցին կարգավորվել առևտրային հարաբերությունները Վրաստանի հետ։ Սակայն, ինչպես հիշում ենք, Միխեիլ Սաակաշվիլին Արևմուտքի թելադրանքով ոչնչացրեց այն, ինչը մեծ ջանքեր էր պահանջում 1980-ականների և 1990-ականների սկզբի ագրեսիայից հետո, դա հանգեցրեց Վրաստանի և Հարավային Օսիայի միջև առճակատման՝ 2004 և 2008 թվականներին։ 2008 թվականի պատերազմի արդյունքում Հարավային Օսիան ճանաչվեց Ռուսաստանի Դաշնության և մի շարք պետությունների կողմից»։
Գագլոևը հավելել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների՝ նույն կետից շարունակումը կախված է բազմաթիվ գործոններից։
Նա խոսել է նաև Հարավային Օսիայում ընթացող նախագահական ընտրությունների մասին՝ կարևորելով Մոսկվայի շահագրգռվածությունը օրինականության և թափանցիկության նկատմամբ։
Ընդդիմադիր «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 38,55 տոկոսը, իսկ գործող նախագահ Անատոլի Բիբիլովը՝ 34,95 տոկոսը։ Ընտրությունների երկրորդ փուլը Ցխինվալիում տեղի կունենա ապրիլի 28-ին։
Ցխինվալիում ապրիլի 10-ին կայացած նախագահական ընտրությունները դատապարտել են Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը, Ուկրաինան և Վրաստանի մյուս գործընկեր երկրները։