Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր հերթական դատական նիստի մեկնարկից րոպեներ անց վատ է զգացել և բժշկական օգնություն է խնդրել։
«Ինձ բժիշկ է պետք, բռնեք ձեռքս»,- ելույթի ժամանակ ասել է Սաակաշվիլին։
Վրաստանի երրորդ նախագահին դատարանի դահլիճից դուրս են բերել ուղեկցող ծառայության ներկայացուցիչները։
Մինչ այդ Սաակաշվիլին ելույթը սկսել է ուկրաիներենով՝ համերաշխություն հայտնելով Ուկրաինային։
Նա ասել է, որ մի քանի օր առաջ «կորցրել է ոտքերը» (խմբ. չի զգում) և այլևս չի կարող ինքնուրույն շարժվել:
Ըստ երրորդ նախագահի՝ ինքը ցավեր ունի նաև վերջույթների հատվածում, ինչի պատճառով անհրաժեշտ է ուժեղ ցավազրկողներ ընդունել։ Նրա խոսքով, հազիվ է սնունդ ընդունում, ինչն էլ ավելի է թուլացնում իրեն։
Սաակաշվիլին կարծում է, որ Գորիի զինվորական հոսպիտալում հացադուլից հետո իրեն ցուցաբերված բժշկական օգնությունն անարդյունավետ է եղել, մինչդեռ Ռուսթավիի մեկուսարանում նա գրեթե չի կարողանում պատշաճ բուժում ստանալ։
Սաակաշվիլիի փաստաբանները դատավորին խնդրել են «հատուկ միջոցներ» ձեռնարկել քրեակատարողական հիմնարկում նախագահի առողջությունը պաշտպանելու համար։
Սաակաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել դատարանի բակում հավաքված աջակիցներին.
«Ուզում եմ հարգել Ուկրաինայում կռվող վրացի հերոսներին, ովքեր զոհվել են Ուկրաինայում։ Ես նաև ուզում եմ ողջունել այն դատարանի դիմաց հավաքված ժողովրդին…»։