Վրաստանի խորհրդարանի բյուրոն չի պաշտպանել ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը՝ արագացված կարգով քննարկելու Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա տոնակատարությունը մայիսի 9-ից 8-ը տեղափոխելու մասին օրինագիծը։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր բյուրոյի նիստում ասել է, որ մայիսի 9-ին Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նշվում է ոչ միայն Վրաստանում և Ռուսաստանում, այլև Ռումինիայում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրում, ինչպես նաև Իսրայելում:
Արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն նույնպես կարծում է, որ ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը պետք է շարունակվի նշել մայիսի 9-ին.
«Երբ ստորագրվեց Գերմանիայի հանձնման ակտը` մայիսի 8-ը, ժամը 23:00-ն էր: Բեռլինում ժամը 23.00-ն էր, ինչը նշանակում է, որ Թբիլիսիում ժամը 02:00-ն էր, ուստի Թբիլիսիում արդեն մայիսի 9-նն էր»:
«Վրացական երազանք»-ի պատգամավորներն ընդգծում են նաև, որ որոշումների կայացման գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել վետերանների կարծիքը, ովքեր սովոր են այս տոնը նշել մայիսի 9-ին։
Հիշեցնենք, որ Վրաստանում մայիսի 9-ի փոխարեն ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը մայիսի 8-ին նշելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել ընդդիմադիր պատգամավորներ՝ Թեոնա Ակուբարդիան, Արմազ Ախվլեդիանին, Խաթունա Սամնիձեն, Գիորգի Վաշաձեն, Տարիել Նակաիձեն և Պաատա Մանջգալաձեն, առաջարկելով՝ պաշտոնական հանգստյան օր հայտարարել ոչ թե մայիսի 9-ը, այլ մայիսի 8-ը։
Նախաձեռնողներից մեկը՝ ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն նախաձեռնությունը բացատրել է նրանով, որ Վրաստանը պետք է տոնի ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը ոչ թե Ռուսաստանի, այլ Եվրոպայի հետ։