Ապրիլի 15-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 235 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 633 հազար 338։
Վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվել է 1 113 քաղաքացի։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 15-ի դրությամբ երկրում ընդհանուր առմամբ կատարվել է 2 մլն 871 հազար 126 պատվաստում:
Երեկ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին կառավարությունում կայացած ԵՄ ինտեգրման կառավարական հանձնաժողովի 62-րդ նիստից հետո մամլո ասուլիսում հայտարարեց, որ ԵՄ անդամակցության հարցաթերթիկը կհանրայնացվի։
Ավելի ուշ՝ Վրաստանի կառավարությունը հրապարակեց ԵՄ անդամակցության համար Վրաստանի ստացած հարցաթերթիկի առաջին մասը, ավելին՝ այստեղ:
Վարչապետ Ղարիբաշվիլին կարևորել է բոլոր գերատեսչությունների առավելագույն համակարգումը և ակտիվ ներգրավվածությունը՝ ապահովելու հարցաշարի լրացման գործընթացի արդյունավետ, հնարավորինս կարճ ժամանակում իրականացումը։
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին ասել է, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» մոբիլիզացված է որոշակի սադրանքներ պլանավորելու համար, այդ պատճառով հրաժարվել է խորհրդարանական պատվիրակության կազմում (իշխող «Վրացական երազանքի» անդամների հետ) մեկնել Ուկրաինա։
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներից կազմված պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա։ Պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Պատվիրակության կազմում են Բեքա Օդիշարիան, Դավիթ Սերգեենկոն, Արչիլ Թալակվաձեն, Լևան Իոսելիանին, Վախթանգ Մեգրելիշվիլին, Անա Նացվլիշվիլին, Խաթունա Սամնիձեն և Գիորգի Խոջևանիշվիլին։
Ուկրաինա են մեկնել նաև մի շարք ներկա և նախկին քաղաքական գործիչներ: «Մթավարի արխիի» հրապարակած տեսանյութում երևում է, որ ՄԱՇ առաջնորդ Նիկա Մելիան, Էկա Խերխեուլիձեն և Կոբա Նակոպիան, ինչպես նաև նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Դավիթ Ռակվիաշվիլին գտնվում են Ուկրաինայում:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությամբ արդարադատության նախարարության դիմաց բողոքի ցույց է ընթացել՝ հաջակցություն Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի մարտին երկրում դրամական փոխանցումների ծավալը կազմել է 625,9 մլն լարի (193,1 մլն դոլար), ինչը 2,6 տոկոսով կամ 4,9 մլն դոլարով ավելի է 2021 թվականի մարտի ցուցանիշից։
Ազգային բանկը հրապարակել է նաև առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտների ճշգրտված տվյալները։ Ըստ տվյալների՝ առաջին եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 393,7 մլն դոլար, որից միայն մարտին եկամուտը կազմել է 174,5 մլն դոլար։
Ապրիլի 16-ին և 17-ին, ժամը 12:00-18:00-ը Վրաստանի ազգային բուսաբանական այգում կանցկացվի «Սակուրայի ծաղկմանը» նվիրված միջոցառում, որի հասույթի մի մասը կփոխանցվի Ուկրաինայի օգնության ֆոնդին։ Այս մասին տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Սուրբ Զատկի տոնի առթիվ «Վրացական երկաթուղին» ապրիլի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի, իսկ ապրիլի 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի ուղղություններով կիրականացնի լրացուցիչ ուղևորափոխադրումներ։ Ավելին՝ այստեղ:
Ապրիլի 15-ի առքուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,35 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 3,0706 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթը ամրապնդվել է 3,36 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,3190 լարի։
Պարենի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում տարբեր անվանումներով ներկրված շոկոլադի կասկածելի խմբաքանակներ չեն հայտնաբերվել։ Գործակալությունը շոկոլադի կոնկրետ խմբաքանակներում սալմոնելայի հնարավոր առկայության մասին ծանուցում է ստացել անցած շաբաթ՝ ապրիլի 7-ին, որի հիման վրա անմիջապես սկսվել է արտադրանքի ուսումնասիրությունը։
Եվ վերջում՝ Վրաստանում մինչև ապրիլի 16-ը կլինի տեղումնառատ, իսկ դրանից հետո մինչև ապրիլի 20-ը սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։