Ապրիլի 16-ին և 17-ին, ժամը 12:00-18:00-ը Վրաստանի ազգային բուսաբանական այգում կանցկացվի «Սակուրայի ծաղկմանը» նվիրված միջոցառում, որի հասույթի մի մասը կփոխանցվի Ուկրաինայի օգնության ֆոնդին։ Այս մասին տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Հաղորդագրության համաձայն՝ միջոցառումը կբացվի ճապոնական ավանդական թեյախմության արարողությամբ, որը կառաջնորդի Վրաստանում Ճապոնիայի դեսպանի կինը։
Միջոցառմանը կներկայացվի բուսաբանական այգու բոնսայի (ճապոնական գաճաճ ծառեր աճեցնելու արվեստ) հավաքածուն, այցելուները կկարողանան ձեռք բերել ճապոնական թեյ, թեմատիկ ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաև ծանոթանալ ճապոնական գրականությանը և ճապոնացի նկարիչների ստեղծագործություններին։