Ապրիլի 14-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 237 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.03%:
Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ոչ բոլոր դեղերի համար անհրաժեշտ կլինի դեղատոմս։
Վրաստանի խորհրդարանը 83 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը:
Երրորդ ընթերցմամբ ընդունել է նաև «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունը, որը թույլ է տալիս մինչև հոկտեմբերի 1-ը 6 տարին լրացած երեխաներին դպրոց ընդունվել։
Ապրիլի 14-ին Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում քննարկվեց Ուկրաինա մեկնող պատվիրակության կազմը։ Երեկվա խորհրդարանական նիստի կարևոր հայտարարությունները՝ այստեղ:
Իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն Ուկրաինա մեկնող պատվիրակության կազմի վերաբերյալ ընդդիմության և մեծամասնության միջև խորհրդակցությունների անարդյունք ավարտից հետո ասել է, որ «Վրացական երազանքը» պատրաստ է խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբերից մեկական ներկայացուցիչ ընդգրկել կազմում: Մանրամասն՝ այստեղ:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ուկրաինա մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմում կլինեն՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, «Վրացական երազանքից»՝ Դավիթ Սերգեենկոն և Արչիլ Թալակվաձեն, «Ռեֆորմեների խմբից»՝ Խաթունա Սամնիձե, «Լելոյից»՝ Անա Նացվլիշվիլին, «Քաղաքացիներից»՝ Լևան Իոսելիանին, «Վրաստանի համար»՝ Գիորգի Խոջևանիշվիլին, «Գիրչիից»՝ Վախթանգ Մեգրելիշվիլին։ Խորհրդարանական պատվիրակության կազմում չեն լինելու «Միացյալ Ազգային շարժում» խմբակցության և «Եվրոպացի սոցիալիստների» ներկայացուցիչներ։
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի դե ֆակտո կենտրոնական ընտրական հանձանժողովի (ԿԸՀ) երեկ կայացրած որոշման համաձայն՝ դե ֆակտո նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 28-ին։
Աբխազական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աբխազիայի դե ֆակտո վարչապետ Ալեքսանդր Անկվաբը հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նիկ Բերեսֆորդի և Աբխազիայի դե ֆակտո նախագահի միջազգային հումանիտար հարցերով ներկայացուցիչ Զուրաբ Լակերբայայի հետ, քննարկվել են UNDP-ի նախագծերը։
Գորիի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության զարգացման խթանման գործակալության գլխավոր հաշվապահը ձերբակալվել է պետական միջոցների յուրացման մեղադրանքով։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ հաշվապահին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։ Դատախազության տվյալներով՝ նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» և 3-րդ մասի «բ» ենթակետերով (յուրացում, պաշտոնեական դիրքի չարաշահում): Նրան սպառնում է 7-ից մինչև 11 տարի ազատազրկում
Վրաստանի խորհրդարանի ութ ընդդիմադիր պատգամավորներ դիմել են Եվրամիության հանձնակատար Օլիվեր Վարհելին, որպեսզի օգնի իրենց և ստիպի՝ Վրաստանի կառավարությանը հրապարակել ԵՄ հարցաթերթիկը: Ըստ նամակի՝ ընդդիմությունը կառավարությունից պահանջել է հարցաշարը հանձնել հանրությանը՝ հաշվի առնելով ինչպես ժողովրդի, այնպես էլ խորհրդարանական ընդդիմության ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների շահերը:
Վրաստանի տարբեր շրջաններում շարունակվում է ռուսամետ «Ալտ-Ինֆո» կուսակցության դեմ պայքարը։ Այս անգամ ի նշան բողոքի՝ Բաթումիում գտնվող «Ալտ-Ինֆո» կուսակցության «Պահպանողական շարժում» կազմակերպության գրասենյակի պատերն են ներկել կարմիրով։ Ակցիայի հեղինակը «Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար Խաթունա Բերիձեն է։
Վրաստանում ապրիլի 14-ին նշվում էր մայրենի լեզվի օրը: Այս օրը նշվում է 1990 թվականից ի վեր։
Օրվա առիթով տարբեր միջոցառումներ են եղել, այդ թվում՝ Ախալքալաքի գրադարանում։ Միջոցառման մասնակիցներն էին ընթերցողները, ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գրադարանի աշխատակիցներն ու հետաքրքրված անձինք։
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ևս նշել են վրաց լեզվի օրը։ Այս լեզուն համալսարանում ուսուցանվում է 2014 թվականից:
Ապրիլի 14-ի առքուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ամրապնդվել է դոլարի նկատմամբ՝ 0.14 թեթրիով, մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3.0741 լարի: Ազգային արժույթը ամրապնդվել է նաև եվրոյի նկատմամբ` 0,18 թեթրիով, մեկ եվրոն կարժենա 3,3526 լարի: