Ապրիլի 14-ին Ախալքալաքի գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Վրաստանում մայրենի լեզվի տոնին։ Միջոցառման մասնակիցներն էին ընթերցողները, ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գրադարանի աշխատակիցներն ու հետաքրքրված անձինք։
Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ վրացերենով և հայերենով, վրացական և հայկական երգ ու պար։ Երիտասարդները ներկայացրեցին վրաց լեզվի պատմությունը, հատվածներ վրաց գրողների ստեղծագործություններից և հնչեցին փաստեր ու կարծիքներ մայրենի լեզվի կարևորության մասին․ «Վրաց լեզուն, ինչպես և հայոց լեզուն, բացառիկ է, քանի որ աշխարհի 14 այբուբեններից երկուսը հայոց և վրաց այբուբեններն են» — ընդգծեց մասնակիցներից մեկը։
«2 տարվա դադարից հետո չափազանց կարևոր էր մեզ համար այս միջոցառումը, քանի որ համավարակի պատճառով հնարավորություն չունեինք հավաքվել և խոսել այս կարևոր օրվա մասին։ Մայրենի լեզվի օրը բոլորիս համար մեծ տոն է, գնահատելով մեր պատմությունը, հարուստ մշակույթն ու լեզուն մեծ սիրով ներկայացրինք այն հանդիսատեսին։ Նպատակը, իհարկե, այս օրը պատշաճ կերպով նշելն ու գեղեցիկ տոնախմբությամբ զարդարելն է» — նշում է գրադարանի տնօրեն Թեկլա Վախթանգիշվիլին։
Միջոցառմանը հայկական «Նազանի» պարով հանդես եկավ Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղից Արևիկ Գիլոյանը։
«Մայրենի լեզվի տոնը ոչ միայն վրացիների, այլև Վրաստանի բոլոր քաղաքացիների համար շատ կարևոր է, այդ իսկ պատճառով վրացականին զուգահեռ ներկայացրինք նաև հայկականը։ Նաև հայերենով ասմունքեցի մայրենի լեզվի մասին, քանի որ բոլորիս համար մեր մայրենին թանկ ու հարազատ է» — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Գիլոյանը։
Հիշեցնենք, որ Վրաստանում ապրիլի 14-ը մայրենի լեզվի օրն է, որը նշվում է 1990-ից` խորհրդանշելով 1978-ի ապրիլի 14-ի իրադարձությունները, երբ Խորհրդային իշխանությունները փորձում էին Վրաստանում որպես պետական լեզու թողնել միայն ռուսերենը: Սակայն, Թբիլիսիում ուսանողները օրենքի դեմ բողոքի ցույցեր կազմակերպեցին, որոնց արդյունքում պահպանվեց վրաց լեզվի կարգավիճակը որպես պետական լեզու:
1990 թվականից սկսած վրաց լեզվի օրը Վրաստանում նշվում է բազմաթիվ միջոցառումներով։