Ապրիլի 13-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 266 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 2 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 781:
Վրաստանում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 13-ը պետական ուղեգրման ծառայությունների ծրագրով անվճար բուժօգնություն է ստացել 6 801 քաղաքացի: Ֆինանսավորման չափը կազմել է 15 մլն 971 հազար 811 լարի։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Կայրաթ Աբդրախմանովի հետ։
Արտաքին քաղաքականության տարբեր վերկտորներ ունենալու հանգամանքի ազդեցությունը հայ-վրացական հարաբերությունների վրա հասցված է նվազագույնի։ ԱԺ-ում անդրադառնալով հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խոսել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։
Վրաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների խախտման դեպքերը հետաքննելու համար, սակայն մեղավորների անպատժելիությունը մնում է խնդիր՝ ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների մասին 2021 թվականի զեկույցում։
Ուկրաինայի լրագրողների ազգային միության տվյալներով՝ Ուկրաինայում փետրվարի 24-ից Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր տուժել է 20 լրագրող։ Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Թբիլիսիի համալսարանական փողոցում շինաշխատանքներ կատարելիս մահացել է Ջաբա Քամադաձեն, ով նաև քաղաքացիական ակտիվիստ էր։
Ուղևորահոսքի ավելացման պատճառով «Վրացական երկաթուղին» ապրիլի 16-ին և 17-ին Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ կիրականացնի լրացուցիչ ուղևորափոխադրումներ։
Ռուսթավի-Թբիլիսի ուղղությամբ միջքաղաքային ուղևորների տեղափոխում իրականացնող ավտոբուս է հատկացվել։ Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեի խոսքով՝ այս որոշումը կայացվել է միկրոավտոբուսների ուղեվարձի գների բարձրացումից հետո՝ ֆորսմաժորային պայմաններում։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ նախատեսվում է մետրոյի «Ախմետելիի թատրոն» կայարանի հարակից տարածքից առևտրականներին տեղափոխել շուկայի տարածք։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ հունվար-մարտ ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի ապրանքաշրջանառությունը կազմել է 3,866 մլրդ դոլար, ինչը 38 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Միացյալ ազգային շարժման» անդամ Խաթիա Դեկանոիձեի խոսքով՝ ընդդիմությունը Ուկրաինա կմեկնի առանձին պատվիրակությամբ։
Հաջորդ շաբաթ հայտնի կդառնա, թե արդյոք Վրաստանի ազգային փոխադրող Georgian Airways-ը կկարողանա շարունակել իր գործունեությունը։ Բանն այն է, որ միլիոնավոր լարի պարտքի պատճառով ավիաընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 31-ից գտնվում է վերականգնողական ռեժիմում, թեև պետության և հիմնական վարկատուի հետ իր գործունեությունը շարունակելու պայմանավորվածություն մինչ օրս ձեռք չի բերվել, ինչը կասկածի տակ է դնում նրա վերականգնման հարցը:
Եվ վերջում՝ ապրիլի 13-ի սակարկությունների արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,11 թեթրիով, ինչի արդյունքում պաշտոնական արժեքը կազմել է 3,0830 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթն ամրապնդվել է 1,38 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,3380 լարի։