Ուկրաինայի լրագրողների ազգային միության տվյալներով՝ Ուկրաինայում փետրվարի 24-ից Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր տուժել է 20 լրագրող։ Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհվածների անունների հրապարակումից պարզ է դառնում, որ նրանց թվում կան ինչպես միջազգային, այնպես էլ ուկրաինացի լրագրողներ։
Միության տվյալներով՝ չեն կարող կապ հաստատել նաև մի քանի այլ լրագրողների հետ և տեղեկություն չունեն նրանց վիճակի մասին։
Լրագրողների պաշտպանության կոմիտեի մարտի 23-ի տվյալներով՝ Ուկրաինայում սպանվել է 7 լրագրող։
Նշենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը շարունակվում է առ այսօր։
Ուկրաինայի իշխանությունների փոխանցմամբ՝ պատերազմն արդեն խլել է հազարավոր խաղաղ բնակիչների կյանքեր։ Զոհվել է 191 երեխա, ավելի քան 349-ը վիրավորվել է։ Պաշտոնական տվյալներով՝ ամենաշատը՝ 113 երեխա տուժել է Դոնեցկի շրջանում։