Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները ձերբակալել են «հանցավոր աշխարհում» ներգրավված ինը քաղաքացու:
Ձերբակալվածներին սպառնում է ազատազրկում 3-15 տարի ժամկետով։
Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածներից երեքը, որոնք «հանցավոր աշխարհի» անդամներ են, կապ են հաստատել արտերկրում գտնվող վրացի «օրենքով գողի» հետ՝ բիզնես գործընկերների միջև ֆինանսական վեճը լուծելու համար, որն էլ հեռակա կապ հաստատելով գործարարի հետ` հանձնարարել է ժամանակին 10 հազար դոլար վճարել գործընկերոջը։
Ֆինանսական վեճը վերջնականապես լուծելու համար «հանցավոր աշխարհի» անդամները մի քանի անգամ «գողերի ժողով» են կազմակերպել, որին մասնակցել է նաև մեկ այլ վրացի օրենքով գող։
Ձերբակալվածներից մեկի տանից ոստիկանները որպես իրեղեն ապացույց առգրավել են երկու ատրճանակ։
Ոստիկանները նաև առգրավել են ամբաստանյալների համակարգչային տեխնիկան և բջջային հեռախոսները, որոնցով նրանք կապ են հաստատել միմյանց հետ և արտերկրում գտնվող «օրենքով գողերի» հետ։
Հետաքննությունը շարունակվում է «հանցավոր աշխարհին անդամակցություն», «հանցավոր համայնքի անդամին դիմել» և «հանցավոր համայնքի գործունեությանը աջակցություն» հոդվածներով, նաև ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ։